.jpg)
Քննարկվել է ԵԺԿ-ին ՕԵԿ-ի անդամակցության հարցը
Բելգիայի Թագավորություն կատարած այցի ընթացքում ԱԱԽ քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր հանդիպել է Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ուիլֆրեդ Մարտենզի հետ: Հանդիպման ընթացքում երկուստեք դրական են գնահատվել Եվրոպական ժողովրդական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության միջև ծավալված սերտ համագործակցության հեռանկարները:
Կարևորվել է համագործակցության հետագա խթանմանն ուղղված նոր քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ երկկողմ հանդիպումները հնարավորություն են ընձեռում առավել արդյունավետորեն ներկայացնել կուսակցության նպատակները, արժեքները և գործունեության ուղղությունները, որոնք լիովին համահունչ են ԵԺԿ դավանած արժեքներին:
Ուիլֆրեդ Մարթենզը համոզմունք է հայտնել, որ երկու կուսակցությունների միջև համագործակությունը շարունակական վերելք է ապրելու:
Ինչպես տեղեկացնում են ԱԱԽ լրատվական ծառայությունից, Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ է ունեցել նաև Եվրախորհրդարանում Ֆրանսիայի, Գերմանիայի և Հոլանդիայի ներկայացուցիչների հետ, այնուհետև մասնակցել ԵԽ-ի Քաղաքական համաժողովին, որտեղ քննարկվել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամագրումը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը:
Իր ելույթում Ա. Բաղդասարյանը ներկայացրել է կուսակցության պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները և կատարել հետևյալ շեշտադրումները. «ՕԵԿ-ը եղել և մնում է Հայաստանում ակտիվ բարեփոխումների անցկացման ջատագովը: Մենք Հայաստանի եվրաինտեգրման հաստատուն աջակիցներից ենք և շատ ջանքեր ենք գործադրում բարեփոխումները առաջ մղելու համար: Մենք պետք է կարողանանք խորացնել եվրոպական արժեքներին համահունչ բարեփոխումները մեր երկրում: Այսօր աշխարհում շուրջ 7 մլն հայ է ապրում, որից 1 մլն-ը` Եվրոպայում, 2.5 մլն-ը` ՌԴ-ում, ավելի քան 1 մլն-ը` ԱՄՆ-ում: Սա նշանակում է, որ հավատարիմ մնալով մեր ազգային արժեքներին, միևնույն ժամանակ պետք է կարողանանք ինտեգրվել քաղաքակիրթ եվրոպական ընտանիքին: Հայաստանն այսօր ռազմավարական գործակցության մեջ է Ռուսաստանի հետ, արդյունավետորեն համագործակցում է ԵՄ-ի, ԱԳԳԾ շրջանակներում Հյուսիս-ատլանտյան դաշինքի հետ: Հայաստանն ունի մեծ սփյուռք, որը և մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ ներկայանալ աշխարհին: Տարածաշրջանում մենք հանդես ենք գալիս խաղաղության և համագործակցության դիրքերից և պաշտպանում ենք կառուցողական մոտեցումները: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը Թուրքիայի նախագահին` այցելելու Հայաստան, դրա վառ օրինակներից էր: Մենք համոզված ենք, որ ռազմատենչ հայտարարությունները և փակ սահմանները ապագա չունեն: Ներքին կյանքում մենք բարեփոխումների ջատագով ենք հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: ՕԵԿ-ը շուրջ 200 օրենքի հեղինակ է, և դրանց հիմնական մասը ռեֆորմիստական բնույթի են: Սրանք արժեքներ են, որոնց համար մենք պետք է պայքարենք: Առաջընթացի հույսը շատ ավելի կարևոր է, քան սոսկ անցյալի ցավալի դժվարությունները: Ինքս որպես քաղաքական գործիչ նպաստել եմ Հայաստանում Եվրոպական կրթական համակարգի ստեղծմանը: Ներկայումս հանդիսանում եմ երկու հանրային կրթական հաստատությունների` Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի և Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահը: Համոզված եմ, որ եվրոպական արժեքներով ու ազգային ինքնատիպությամբ դաստիարակված սերունդը մրցունակ կլինի`քաղաքականության մեջ, տնտեսության ոլորտում, արտաքին միջավայրում: Հայաստանը կարող է լինել այդպիսին, և ես վստահ եմ, որ ձեռնարկված և ձեռնարկվելիք բարեփոխումները մեր երկիրը տանելու են հենց առաջընթացի ու զարգացման ճանապարհով: ԵԺԿ-ին անդամակցությունը նույնպես ապագայի մի կամուրջ է, և ես վստահ եմ, որ ձեր աջակցությամբ մենք կհաղթահարենք սպասվելիք դժվարին, բայց պատվաբեր ճանապարհը»: