Հանրային խորհուրդը քննարկեց ընտանիքի տարի հայտարարելու հարցը
08/11/2011 19:19

Հանրային խորհուրդը քննարկեց ընտանիքի տարի հայտարարելու հարցը

Հանրային խորհուրդն արագացված կարգով քննարկեց «2012 թվականը ընտանիքի տարի հայտարարելու մասին» նախագիծը` միաձայն կողմ քվերակելով ու որոշելով դիմել ՀՀ կառավարությանը` այդ կապակցությամբ մշակելու հատուկ համալիր ծրագիր և «ընտանիքի տարվա» միջոցառումների ֆինանսավորման հարցը ներառել 2012-ի պետական բյուջեում:

Արագացված կարգով քննարկումը նախագիծը ներկայացնող ՀԽ գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի նախագահ Ելենա Վարդանյանին տխրեցրեց:

«Ընտանիքի հարցը միշտ հոգնած պահին ենք քննարկում ու ֆորմալ ենք վերաբերում»,- դժգոհեց նա, ինչին հետևեց ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի արձագանքը. «Եթե նախորդ հարցում գնում էինք աշխարհին ընդառաջ, հիմա գնում ենք աշխարհին հակառակ, քանի որ այնպիսի տպավորություն է, որ ընտանիքի մոդելն ուզում են վերացնել, այնպես որ, եթե քննարկենք, ապա շատ երկար կտևի»:

Քվերակությունից առաջ ՀԽ անդամ Արշակ Սադոյանին հետաքրքրում էր` արդյոք միասեռական ընտանիքներին էլ է վերաբերո՞ւմ առաջարկված նախագիծը: Հարցը ժպիտի ու տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց:

Նշենք, որ ՀԽ Սփյուռքի, կրոնի և միջազգային ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Ռուբեն Սաֆրաստյանի բացակայության պատճառով Արցախի հարցերով Հանրային խորհրդի միջհանձնաժողովային աշխատանքային խումբ ստեղծելու մասին հայեցակարգի նախագիծը չքննարկվեց: 

Հանրային խորհուրդը քննարկեց ընտանիքի տարի հայտարարելու հարցը