.jpg)
Գ.Եղիազարյան. «Վլադիմիր Գասպարյանն ով էլ լինի՝ մասնագետ է»
«Ոստիկանապետի պաշտոնանկությունը համարում եմ մի քիչ ուշացած և գտնում եմ, որ նրա տեղը խորհրդականի աթոռը չէր, որ պետք է զբաղեցներ։ Այն գործունեությունը, որ նա ծավալեց ոստիկանությունում, դրա արդյունքում՝ այլ տեղ պետք է գտնվեր»,- ասօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով վերջին շրջանում կատարված պաշտոնանկությունների թեմային, ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը։
Ի տարբերություն նախկին ոստիկանապետի հասցեին արված կտրուկ բնորոշումներին՝ Գ. Եղիազարյանը լավ արտահայտվեց նորանշանակ ոստիկանապետի մասին։
Նա ընդգծեց, որ չի կարող Վլադիմիր Գասպարյանին համեմատել Ալիկ Սարգսյանի հետ։ «Նրանք ուղղակի անհամեմատելի են։ Որովհետև Վլադիմիր Գասպարյանն ով էլ լինի՝ մասնագետ է».- ասաց Գ. Եղիազարյանը։
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի հրաժարականին՝ Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ «սա հերթական բլեֆն է». «Մեր երկրում ընտրությունների ելքը որոշվում է ընտրության օրը՝ ժամը երեքից, չորսից հետո։ Վեց ամիս առաջ մարդուն պաշտոնանկ անել, ԱԺ նախագահի պաշտոնից տանել-դնել շտաբի պետ, որ նա ընտրություններ անցկացնի՝ եփած հավի ծիծաղը կգա»։
Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ այս քայլերով ՀՀ նախագահն «ուղղակի մաքրում է թիկունքը, քանի որ լրջագույն հարցեր են ծառանալու Հայաստանի առջև. իսկ հարցերի հարցը՝ լինելու է Ղարաբաղը»։
ՀԱԿ ներկայացուցիչը նաև ընդգծեց, որ իշխանական բուրգը գնում է ինքնաոչնչացման և դրա վերջնալուծումն՝ արտահերթ ընտրություններն են։