.jpg)
«Ադրբեջանում աճել է կոռուպցիան և մարդու իրավունքների խախտումները»
«Ադրբեջանում կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների աստիճանը բարձրացել է և այդ ամենը գտնվում է արևմտյան մամուլի ուշադրության կենտրոնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Ըստ նրա, 2 շաբաթվա ընթացքում Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների խախտումների, կաշառակերության և նմանատիպ այլ երևույթների մասին մի քանի տասնյակ հրապարակումներ են եղել:
«Արևմտյան մամուլն իրենց երկրների ղեկավարության ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, թե ինչպես նրանք կարող են համագործակցել նմանատիպ վարչակարգի հետ»,-ընդգծեց Հ. Մելիք-Շահնազարյանը:
Նրա խոսքերով, Ադրբեջանում հնարավոր է կրկնվի Լիբիայի սցենարը, քանի որ Իլհամ Ալիևը սկսել է ոչ այնքան հստակ խոսել հաջորդ նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելու մասին, ինչը հանգեցրել է «նախիջևանյան կլանի» մտավախություններին:
Ըստ քաղաքագետի, Ադրբեջանն այս պահին չի գտնվում աշխարհաքաղաքական բախումների կենտրոնում, իսկ ներկայիս իշխանությունները զբաղված են թալանով և պոպուլիստական հայտարարություններով:
Բանախոսը, անդրադառնալով Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու փաստին` նշեց, որ Ադրբեջանն այժմ ստիպված կլինի տարբեր հարցերի շուրջ` օրինակ Պաղեստինի հարցի շուրջ, դիրքորոշումներ հայտնել, իսկ այդ հայտարարությունները կարող են հարվածել այս կամ այն գերտերության շահերին:
Նրա պարզաբանմամբ, Ադրբեջանի` ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ոչ մշտական անդամ դառնալն ուներ նաև ներքին լսարանին բավարարելու, Ի. Ալիևի անձնական ամբիցիաները բավարարելու նպատակ: