ՀԽ-ն կդիմի Կառավարություն` ավտոմատ ջրաչափերի հարցով
08/11/2011 18:12

ՀԽ-ն կդիմի Կառավարություն` ավտոմատ ջրաչափերի հարցով

Հանրային խորհուրդը, քննարկելով ՀԽ Գյուղատնտեսական և բնապահպանական հանձնաժողովի առաջարկությունները` Հանրապետությունում մայր ջրանցքների ոռոգման համակարգում ավտոմատ ջրաչափության և կառավարման ծրագրին միաձայն հավանություն տվեց և առաջարկեց ներկայացնել ՀՀ կառավարությանը «Ոռոգման համակարգերի վերականգման հրատապ ծրագրի» մեջ ընդգրկելու համար:

Ըստ ծրագիրը ներկայացնող ՀԽ Գյուղատնտեսական և բնապահպանական հանձնաժողովի նախագահ Յ. Ջավադյանի` ծրագրի իրականացումը հնարավորություն կտա տնտեսել ոռոգման նպատակով օգտագործվող ջրային ռեսուրսները, բարձրացնել ջրօգտագործման արդյունավետությունը և գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը, ջրաչափության գործընթացում ամբողջությամբ վերացնել մարդու գործոնն ու բարձրացնել ջրապահովվածությունը:

Յ. Ջավադյանը պարզաբանեց, որ ավտոմատ ջրաչափերի կիրառման դեպքում` մարդկային գործոնը հասցվում է նվազագույնի. «Ավտոմատ ջրաչափի միջոցով առանց մարդու միջամտության կարող ենք վերահսկել, թե ով որքան ջուր վերցրեց ու ով որքան է օգտագործում»:

Նրա խոսքերով` ջրօգտագործողը, մշտապես ստանալով տեղեկատվություն հողի խոնավության վերաբերյալ, հնարավորություն կունենա ճշգրտելու մշակաբույսերի ոռոգման ժամկետները, ապահովելու բերքատվությունը, խնայողաբար ծախսելու ոռոգման ջուրը, ինչպես նաև` վճարելու` իրական օգտագործված ջրի չափաքանակին համապատասխան: 

ՀԽ-ն կդիմի Կառավարություն` ավտոմատ ջրաչափերի հարցով