.jpg)
Հաագայում այսուհետ ՀՀ դեսպանատուն կգործի
Նոյեմբերի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հաագայում հանդիպում ունեցավ Նիդերլանդների արտգործնախարար Ուրի Ռոզենտալի հետ: ԱԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Էդվարդ Նալբանդյանին Ուրի Ռոզենտալը շնորհավորեց Նիդերլանդներում ՀՀ դեսպանության հիմնադրման կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ այն լուրջ ներդրում կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հաագայում ՀՀ դեսպանության հիմնումն երկկողմ հարաբերությունների առավել զարգացման, խորացման և ամրապնդման նպատակադրվածության ուղերձ է պարունակում: Նախարարը կարևորեց երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, տնտեսական փոխգործակցության խթանմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը:
Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրի զարգացմանը Նիդերլանդների կողմից ցուցաբերվող աջակցությունն ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Արժույթի միջազգային կազմակերպության և Համաշխարհային բանկի շրջանակներում: Նշելով, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է հոլանդական կապիտալով 46 ձեռնարկություն` Էդվարդ Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ համատեղ ջանքերով դրանց քանակը կարելի է առնվազն կրկնապատկել:
Զրուցակիցներն անդրադարձան նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումներին. այս ենթատեքստում Նիդերլանդների ԱԳ նախարարը բարձր գնահատեց այդ ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քայլերը:
Նախարարները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների, Արևելյան գործընկերության ձևաչափում ընթացող համագործակցության շուրջ: Քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը ներկա գտնվեց Հաագայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությանը:
Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը նշեց. «Հայ-հոլանդական առնչությունները գալիս են դարերի խորքից՝ սկսած 4-րդ դարում Սուրբ Սերվանտիուսի կողմից Նիդերլանդներում քրիստոնեության տարածումից, հայ վաճառականների կողմից Նիդերլանդներ կակաչի ներկրումից, 360 տարի առաջ Ամստերդամում հայկական տպագրատան հիմնումից, հայերեն լեզվով առաջին Աստվածաշնչի տպագրումից և այս երկրում հայ համայնքի հաստատումից:
Դա եղել է անցյալում, իսկ այսօր Նիդերլանդներում բացվում է անկախ Հայաստանի դեսպանություն, և բարձրացվում է Հայաստանի դրոշը: Մեր դարավոր հարաբերությունների պատմության մեջ այս օրը մարմնավորում է նոր սկիզբ»:
Նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ դեսպանությունը կարևոր դերակատարություն կունենա բարեկամ Նիդերլանդների հետ համակողմանի հարաբերությունների խորացման գործում: Խոսելով հոլանդահայ համայնքի մասին` նախարար Նալբանդյանը կարևորեց նրա դերը` որպես երկու ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման յուրահատուկ կամուրջ:
Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանը ՀՀ դեսպանությունում հանդիպում ունեցավ Նիդերլանդների հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց պատմեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների ու հիմնական ուղղությունների մասին և պատասխանեց նրանց հարցերին: