.jpg)
Մտավորականությունը պետք է բացատրի Ջավախքի խնդիրը
«Մտավորականությունը պետք է բացատրի սերունդներին Ջավախքի խնդիրը, այսինքն` մտավորականությունը պետք է կրթի իր հասարակությունը: Դա նրա պարտականությունն է»,- այսօր Ջավախքի հիմնախնդիրներին և ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանին նվիրված քննարկման ժամանակ ասաց փորձագետ Հարություն Մեսրոպյանը:
Ըստ փորձագետի` թվում է, եթե ինչ-որ հարցերում կողմ քաշվենք, սուս մնանք, հաջորդը մենք չենք լինի:
«Ջավախքի հարցում կա 2 դիրքորոշում. պասիվ դիրքորոշումը Նախիջևանի ճակատագիրն է, ակտիվ դիրքորոշում` Արցախի»,- ասաց Հ. Մեսրոպյանը:
Ըստ նրա` Ջավախքի հարցը նախ և առաջ ՀՀ իշխանությունների խնդիրն է, որոնք պետք է կոշտ լինեն, արտաքին աշխարհին ցույց տան իրենց քաղաքական, ազգային նախապատվությունները:
Հ. Մեսրոպյանը նկատեց, որ պետության թիվ մեկ խնդիրը իր քաղաքացիների և իր ազգակիցների պաշտպանություն է, ուստի ՀՀ իշխանությունները պարտավոր են բոլոր միջոցներով առնվազն կանգնեցնել Ջավախքի հայաթափությունը:
Իր հերթին Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը, ասաց, որ ծնունդով Թիֆլիսից է և շատ լավ է պատկերացնում, թե ինչ է կատարվում Ջավախքում:
Ա. Տեր-Թադևոսյանի խոսքերով` Ջավախքում մարդիկ ուզում են լավ ապրել, գիտեն, որ Վրաստանի քաղաքացի են և ցանկանում են իրենց իրավունքները պաշտպանել օրենքի սահմաններում: