Լիանա Հակոբյան. «ՍԴ որոշումը խոչնդոտ չէ օրենսդրին»
21/11/2011 15:44

Լիանա Հակոբյան. «ՍԴ որոշումը խոչնդոտ չէ օրենսդրին»

Այն, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական չի ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը, դեռևս չի կաշկանդում ու խոչնդոտում օրենսդրին, որ օրենքում փոփոխություններ չկատարի: Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը չի պարտադրում օրենսդրին փոփոխություն կատարել:Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության պետ Լիանա Հակոբյանը` մեկ այնգամ ևս ընդգծելով, որ օրենսդիրն ազատ է օրենքում համապատասխան փոփոխություններ անելու ու ճշգրտելու, հստակեցնելու դրույթները:

Ըստ նրա մեկնաբանության` Ազգային ժողովում այժմ էլ գործում է հատուկ բաժին, որը միայն զբաղվում է օրենսդրությունը սահմանադրական դատարանի որոշումներին համապատասխանեցնելով:

«Այս գործի քննությանը նախապատրաստվելիս ուսումնասիրել ենք տասնյակ երկրների օրենսդրություն, որոնք չունեն այն հստակությունը, որն ակնկալում է հասարակությունն այս ոլորտի օրենսդրությունից: Եվրոպական դատարանն էլ է շեշտադրել, որ սա այն ոլորտն է, ուր անորոշությունն ու ոչ հստակությունը անխուսափելի են»,- ասաց նա` հավելելով, որ իրականում նման օրենքը կմախք է, որին միս ու արյուն հաղորդում է դատական պրակտիկան ու դատարաների մեկնաբանությունը:

Ինչ վերաբերում է Aysor.am-ի հարցին, թե արդյո՞ք ՍԴ որոշումը կարող է ազդել նաև արդեն կայացած դատական ակտերի ու ուժի մեջ մտած որոշման վրա, Լ.Հակոբյանը պարզաբանեց. «Գոյություն ունի ՍԴ որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման ինստիտուտ: Այսինքն ՍԴ որոշումը դառնում է գործի վերանայման հիմք, նոր հանգամանք, միայն անհատական դիմումների քննության արդյունքում: Իսկ ձեր մատնանշած դեպքում, երբ արդեն կա ուժի մեջ մտած դատական ակտ, որը բողոքարկվել է բոլոր ատյաններով, այն, վերանայման ենթակա չէ»:
 

Լիանա Հակոբյան. «ՍԴ որոշումը խոչնդոտ չէ օրենսդրին»