Մանուկ Վարդանյանն ընդունել է Հուլին Ժաոյին
21/11/2011 15:12

Մանուկ Վարդանյանն ընդունել է Հուլին Ժաոյին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) գլխավոր քարտուղարի տեղակալ Հուլին Ժաոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունից:

Նախարարը շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան հյուրին հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանին աջակացելու համար: Մ.Վարդանյանը մեծ ձեռքբերում է համարել մի շարք կառույցների, այդ թվում Հեռահաղորդակցության միջազգային միության նախաձեռնությամբ կույր և վատ տեսողություն ունեցող անձանց համար ինտերնետային հասանելիության կենտրոնի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց շփվել արտաքին աշխարհի հետ:

Նախարարն անդրադարձել է նաև Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից կիբերանվտանգության խնդիրներին աջակցելու և տեսակոնֆերանսների համար համապատասխան կահավորանքի տրամադրման հարցերին:

ITU գլխավոր քարտուղարի տեղակալ Հուլին Ժաոն նշել է, որ հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանն անցած տարվա համեմատ ԱՊՀ տարածաշրջանում ամենադինամիկ զարգացումն ու արդյունքներն է արձանագրել:

Ըստ Հուլին Ժաոյի, Հայաստանն իր ցուցանիշներով այս տարի առաջ է անցնել Ադրբեջանին, Չինաստանին և Թաիլանդին: Հանդիպման ընթացքում երկուստեք քննարկել են հետագա համագործակցության ծրագրերը:
 

Մանուկ Վարդանյանն ընդունել է Հուլին Ժաոյին