.jpg)
Կարագի անվան տակ սփրեդ են վաճառել «Սթարը», «Ալեքս Գրիգը», «Սասը»
Այսօր Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակեց այն ընկերությունների ու խանութների անունները, որոնք կարագի անվան տակ սփրեդ են իրացրել:
Իրավախախտումները կատարվել են 2 ձևով: Մի դեպքում տնտեսվարողները ներկրել են բուսասերուցքային սփրեդ, սակայն այն առևտրի կետերին իրացրել են կարագի անվան տակ: Այդ ներկրողներն են` «Բիո-Ֆուդ», «Բրենդ Լիդեր», «Կարթել-Աննա», «Ֆելիքս-Սարգ» եւ «Արդիս»:
ՏՄՊՊՀ-ն բացահայտել է նաև դեպքեր, երբ սպառողին խաբել է ոչ թե ներկրողը, այլ սուպերմարկետը: Դրանք են`«Ալեքս Գրիգ», «ՍԱՍ Գրուփ», «Սթար Դիվայդ», «Ֆրեշ», «Նոր Զովք»:
Բոլոր այս տնտեսվարողները տուգանվեցին միևնույն` 3 մլն դրամի չափով, սակայն ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը խոստացավ, որ իրավախախտումը կրկնելու դեպքում տուգանքը մի քանի անգամ ավելի կլինի: Տուգանքի չափն ընտրելիս հաշվի է առնվել այն փաստը, որ վարույթի ընթացքում իրավախախտումը վերացվել է:
Հանձնաժողովի այսօրվա նիստում տուգանված տնտեսվարողները խոստովանեցին, որ խախտում են կատարել, սակայն դա պատճառաբանեցին իրենց աշխատակիցների ցածր պրոֆեսիոնալիզմով ու անփորձությամբ:
Նշենք, որ կարագը 2-3 անգամ թանկ է սփրեդից և եթե տնտեսվարողը չի վերացնում խախտումը, ապա ՏՄՊՊՀ-ն իրավունք ունի տուգանքի չափը հասցնել 5 մլն դրամի` անկախ հասույթից: