Նոյեմբերի 28-ին Վահագն Չախալյանի  30-ամյակն է
21/11/2011 18:17

Նոյեմբերի 28-ին Վահագն Չախալյանի 30-ամյակն է

«Նոյեմբերի 28-ին Վահագն Չախալյանի 30-ամյակն է, և ես կայցելեմ նրան, կար ժամանակ, որ մեզ թույլ չէին տալիս նրան այցելել, սակայն այժմ թույլ են տալիս»,- այսօր ջավախքահայ ակտիվիստ Վահագն Չախալյանին և Ջավախքի հիմնախնդիրներին նվիրված միջոցառման ժամանակ ասաց Վահագն Չախալյանի մորեղբայրը` Մանվել Սմբատյանը:

Նա նշեց, որ Վահագնը գտնվում է բանտախցում, որտեղ գտնվում են ևս 6 հոգի, բանտային պայմաններից չի բողոքում, քանի որ ունի այլ բնավորություն:

«Նեղություն տալիս են բանտում, բայց հաշվի առնելով նրա բնավորությունը, երբ հարցնում եմ այդ մասին, սկսում է ծիծաղել»,- ասաց Մ. Սմբատյանը:

Նրա խոսքերով` Վահագնը տրամադրված է գնալ մինչև վերջ և մինչև վերջ կանգնած է լինելու Ջավախքի կողքին:

Ըստ նրա` Վահագնին այցելում են կինը, մայրը, երեխան, իսկ Չախալյանի ոգին մարտական է, անկոտրուն:

Հիշեցնենք, որ այսօր Երևանում տեղի է ունեցել ջավախքահայ ակտիվիստ Վահագն Չախալյանին և Ջավախքի հիմնախնդիրներին նվիրված միջոցառում, որին ներկա են գտնվել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը, Տիգրան Խզմալյանը, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, բազմաթիվ ջավախքահայեր, այդ թվում` Վահագն Չախալյանի պապը` Ռազմիկ Սմբատյանը, եղբայրը` Արմեն Չախալյանը և Ջավախքի հիմնախնդիրներով մտահոգված այլ քաղաքացիներ:
 

Նոյեմբերի 28-ին Վահագն Չախալյանի 30-ամյակն է