.jpg)
«Չախալյանի դեպքում խախտվել է ՄԻ եվրոպական կոնվենցիան»
«Վահագն Չախալյանի դեպքում խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ: Միանշանակ է, որ Վրաստանի իշխանությունները ձերբակալել են Վահագն Չախալյանին և նրան պահում են անազատության մեջ, քանի որ ցուցաբերում են խտրական վերաբերմունք նրա հասարակական, հայամետ հայացքների համար, իսկ նրա հայացքները արդարացի են»,- այսօր ջավախքահայ ակտիվիստ Վահագն Չախալյանին և Ջավախքի հիմնախնդիրներին նվիրված միջոցառման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքերով` Վրաստանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ երկիր, անտեսում է մի շարք միջազգային նորմեր, ազգային փոքրամասնությունների մասին կոնվենցիան և ռեգիոնալ լեզուների մասին խարտիան:
«Վրաստանը, լինելով բազմազգ պետություն և ստանձնելով նման պարտավորություն, պետք է այդ պարտավորությունների շրջանակներում այդ ազգերին տրամադրի նաև իրավունքներ` կապված իրենց լեզվի հետ և այլ խնդիրների հետ»,- ընդգծեց Զ. Փոստանջյանը:
Նա ասաց, որ եթե հայկական կողմը հարցերը առաջ չտանի միջազգային ասպարեզում դիվանագիտական խողովակներով, ապա ոչ ոք դա չի անի: