ՀԱԿ-ը քննարկել է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցը
07/12/2011 18:41

ՀԱԿ-ը քննարկել է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցը

Տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի նիստ: Քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, դեկտեմբերի 10-ին նախատեսված երթի անցկացման նախապատրաստական աշխատանքները:

Այնուհետև ներկայացվել և քննարկվել է խնայբանկի ավանդների վերադարձի հետ կապված` Կոնգրեսի հաշվառման ծրագրի իրականացման ընթացքը: Այդ կապակցությամբ որոշում է ընդունվել համապատասխան հարցապնդումով դիմել ֆինանսների նախարարությանը:

Քննարկվել են նաև ընտրությունները թափանցիկ և օրինական դարձնելու համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների շուրջ այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության սկզբունքները:

Դեկտեմբերի 7-ին ավերիչ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ հայտնելով իր ցավակցությունը զոհերի ընտանիքներին և հարազատներին, Կոնգրեսի քաղխորհուրդը քննարկել է նաև աղետի գոտում ստեղծված իրավիճակը, մասնավորապես այն, որ հակառակ իշխանությունների` դեռ 13 տարի առաջ տված խոստումների, 6300 ընտանիք շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում, մինչդեռ տեղական իշխանությունները, թաղված կոռուպցիայի և ապօրինությունների մեջ, բոլորի աչքի առաջ վարում են շվայտ կյանք:

Քաղխորհուրդը հանձնարարել է Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովին սեղմ ժամկետում մշակել աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիր:

Այս մասին հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը:
 

ՀԱԿ-ը քննարկել է այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցը