.jpg)
Մելիքյան. Պետդումայում ներկայացված ընդդիմությունն էլ է պաշտոնական
«Ռուսաստանում արտահայտվեց այն մարդկանց կամքը, ովքեր հնարավորություն ունեին դա իրականություն դարձնել։ Ես չեմ կարծում, որ ՌԴ ընտրությունների արդյունքները արտահայտում են Ռուսաստանի բնակչության մեծամասնության տեսակետը։ Ամեն դեպքում՝ վարչական ռեսուրսը Ռուսաստանում շատ մեծ դեր է կատարել, մարդիկ որպես քաղաքացի, հիմնականում, կողմնորոշված չեն։ Այդ շրջանակներում կարող ենք ասել, որ ընտրությունների ընթացքն ընդհանուր իրավիճակին և օրենսդրությանը չեն հակասում»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ գնահատելով ՌԴ խորհրդարանանական ընտրությունները` նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։
Անդրադառնալով ընտրություններից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերին` Ա. Մելիքյանը նշեց, որ Ռուսաստանն այսօր չունի համախմբված ընդդիմություն, որը կարողանա ավելի լուրջ քայլերի դիմելի, չկա այն իրական ընդդիմությունը, որն ունակ է Ռուսաստանում փոխել իշխանության որակը։
«Իրականում ՌԴ պետական դուման էլ ընդդիմադիր հատված չունի, այն սոցիալականացված է։ Կա մի հատված, որը ներկայացնում է հնի երազանքներով ապրող միջին տարիքն անց մարկանց խումբ՝ դրանք կոմունիստներն են, կա Ժիրինովսկին, որը ներկայացնում է ավելի ազգայնական տրամադրություններ, «Եդինայա Ռոսիան» և «Սպրավեդլիվայա Ռոսիան» առանձնապես իրարից չեն տարբերվում։ Բայց իրականում ընդդիմադիր հատված ըստ էության չկա։ Դրա համար կարող ենք ասել, որ պետդումայում ներկայացված ընդդիմությունն էլ է պաշտոնական»։
Ա. Մելիքյանն ընդգծեց, որ Հայաստանի համար շատ կարևոր է, որպեսզի Ռուսաստանում տեղի չունենա բոլշևիկյան հեղաշրջում, ուստի Հայաստանը պետք է ՌԴ-ում տեղի ունեցող գործընթացներին ուշադիր վերաբերվի։