«Ո՞րն է ձեր հողմաղացն ու ձեր վրանը, որ պաշտպաներ երկիրը»
07/12/2011 15:23

«Ո՞րն է ձեր հողմաղացն ու ձեր վրանը, որ պաշտպաներ երկիրը»

Այսօր ԱԺ-ում «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն իր խմբակցության անունից կոչ արեց պատգամավորական մեծամասնությանը` համատեղ` առնվազն 27 հոգով, դիմել Սահմանադրական դատարան`վիճարկելու կառավարության սահմանադրական լիազորությունները: Հակառակ դեպքում, ըստ նրա, մնում է քաղաքական դիրքորոշումը`անվստահություն հայտնել կառավարությանը:

Հիմնավորելով հարցադրումը` նա նշեց, որ Կառավարությունը, ստիպված լինելով ընդունել իր կողմից չկատարված ծրագրերը, փորձում է այն բացատրել ֆինանսական ճգնաժամով ու ժառանգություն ստացածով:

Առանձնացնելով 2008-ից մինչ այս տարի կառավարության նախկին ու ներկա մոտեցումների անհամապատասխանությունը`պատգամավորը նշեց, որ «ներկա կառավարությունը երկրի արտաքին պարտքը տարեկան ավելացրել է մեկ միլիարդ դոլարով` զուգահեռաբար ավելացնելով արտաքին պարտքի միջին տոկոսադրույքը»:

Ըստ Ռուստամյանի` երկրի ներսում տրամադրվող վարկերի տոկոսադրույքը գերազանցում է արտաքին պարտքի տոկոսադրույքը, իսկ «կառավարությունը շատ դեպքերում սպասարկել է տնտեսական միջնորդ չհանդիսացող հաստատությունների շահերը»:

«Ըստ վերահսկիչի բացահայտումների` վարկային միջոցների տեղաբաշխում չի կատարվել տնտեսության մեջ»,- հղում անելով Վերահսկիչ պալատի հետազոտություններին` ասաց պատգամավորը` հավելելով, որ այժմ բնակչության կենսամակարդակի վատթարացումը ոչ միայն նոր թափ է հաղորդում արտագաղթին, այլև տնտեսական ծանր իրավիճակ է ստեղծել:

Պատասխանելով պատգամավորին` ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հաստատեց, որ,այո', կառավարությունը պարտքն ավելացրել է ու համաշխարհային ճգնաժամի պայմաններում չկա մի հզորագույն երկիր, որ պարտքը չավելացներ:

«Որոշ կառավարություններ ներքին շուկայի հաշվին արեցին դա, իսկ որոշ երկրներ` արտաքին համագործակցության: Մեր պարտքը միշտ պահպանել է գրանտ էլեմենտի արտոնյալ կարգավիճակը` թույլ տալով խուսափել շատ խնդիրներից` մասնավորապես մեծ միջոցներ են գնացել տնտեսությանը, պետական ծախսերի ֆինանսավորմանը` ճանապարհ, դպրոց և այլն»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:

Նախարարի պնդմամբ` «երբ նավը դուրս է գալիս բաց ծով` նավարկության, հետամուտ է լինում վերջնակետին հասնելու: Եթե լինում է համընթաց քամի, արագ է հասնում վերջակետին, եթե հակընդդեմ է քամին, ապա այն արագությունը, որով նավը հասնում է նպատակակետին, դանդաղում է, եթե լինում է փոթորիկ, ավելի է դանդաղում: Այս առումով կառավարությունը մշտապես հետամուտ է եղել կոալիցիոն հուշագրում գրված նպատակակետերին»:

Ըստ Վ.Գաբրիելյանի` ուղղություններն ու գերակայությունները չեն փոխվել, իսկ իրականացված ծախսերը համապատասխանել են ծրագրերին:

«Եթե առագաստանավը չգիտի` ուր է գնում, ոչ մի համընթաց քամի էլ չի լինի»,- ֆինանսների նախարարին առարկեց պատգամավոր Ռուստամյանը` հարցնելով, թե «Ո՞րն է ձեր հողմաղացն ու ձեր վրանը, որ պաշտպաներ երկիրը քամիներից ու քամին էլ օգտագործեիք հողմաղացի համար: Հենց սրա մասին է խոսքը»:

«Կարծում եմ` ցանկության դեպքում կարելի էր ակնհայտորեն տեսնել հողմաղացները, որը կառավարությունը կառուցել էր»,- պատասխանեց նախարարը:

Նշենք, որ «Դաշնակցության» հարցապնդումը կքվերակվի վաղը, քանի որ դահլիճում պատգամավորների բացակայության պատճառով քվորում չկար:

«Ո՞րն է ձեր հողմաղացն ու ձեր վրանը, որ պաշտպաներ երկիրը»