Ինչպե՞ս բարձրացնել շենքերի սեյսմակայունությունը
07/12/2011 17:47

Ինչպե՞ս բարձրացնել շենքերի սեյսմակայունությունը

«Քարե պատերով շենքերը չեն դիմակայում երկրաշարժին, որովհետև նրանց մեջ սեյսմակայուն շինարարության որևէ լուրջ միջոցառում ներդրված չէ։ Կան նաև հարկերի բարձրացմամբ կառուցված շենքեր, որոնք ևս բարձր խոցելի են։
Ամենաապահովը՝ շրջանակակապային համակարգով կառուցված բարձրահարկերն են. դրանք, հիմնականում, 14 հարկանի շենքերն են և դիմակայում են շատ ուժեղ երկրաշարժին»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԻՆ ՍՊԱԾ շենք-շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը։

Նա նշեց, որ Հայաստանում շենքերի հարկայնության համար սահմանված են որոշակի չափանիշներ։ Օրինակ, երկաթբետոնե հիմնակմախքով շենքերը կառուցվում են մինչև16, մետաղական հիմնակմաղքովները՝ մինչև 18 հարկ։ «Եթե ցանկանում են ավելի բարձր հարկայնությամբ կառուցել, պետք է այդ շենքերի նախագծման հիմքում դրվեն գործող նորմերով նախատեսված հատուկ մեթոդներ, ինչպես նաև՝ այդ նորմերով չնախատեսված լրացուցիչ կոնստրուկտիվ միջոցառումներ իրականացնել, որոնք պետք է ունենան հատուկ հաշվարկ»,- ընդգծեց Գ. Նամալյանը։

Մասնագետի կարծիքով, երբ շենքերի վիճակը դառնում է վթարային, ավելի նպատակահարմար է դրանք ոչ թե ամրացնել կամ ուժեղացնել, այլ նորը կառուցել. «Եթե շենքը արդեն 50 տարի շահագործվել է, դրա ուժեղացումը տեխնիկա-տնտեսական տեսանկյունից այնքան էլ արդարացված չէ։ Սակայն, հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, նման ծրագիր ներկայումս հնարավոր չէ իրականացնել, սակայն կան ժամանակակից եղանակներ, որոնց օգնությամբ քիչ միջոցներով կարելի է բարձրացնել շենքերի սեյսմակայունությունը»,- նշեց Գ. Նամալյանը։

Նրա խոսքերով՝ դրանցից ամենաարդյունավետը դինամիկական մարիչի տեսքով վերին ճկուն հարկի կառուցումն է։ Այդ եղանակով կարելի է շենքի սեյսմակայունությունը 1 բալով բարձրացնել։ Ըստ այդմ՝ առաջարկվում է բարձրահարկերի տանիքները տրամադրել այն մարդկանց, ովքեր կցանկանան այդ տարածքը կառուցապատել վերին ճկուն հարկով՝ դինամիկական մարիչով, դրանով բարձրացնելով շենքերի սեյսմակայունությունը։

Ինչպե՞ս բարձրացնել շենքերի սեյսմակայունությունը