Գարիկ Իսրայելյանը հանդիպել է Գիա Աբուլաձեյի հետ
07/12/2011 20:13

Գարիկ Իսրայելյանը հանդիպել է Գիա Աբուլաձեյի հետ

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը հանդիպում ունեցավ Աջարիայի ինքնավար հանրապետության (Վրաստան) կրթության, մշակույթի և սպորտի նախարար Գիա Աբուլաձեյի հետ:

Կողմերը քննարկեցին «ՀՀ մշակույթի նախարարության և Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության և սպորտի նախարարության միջև 2012-2014 թթ. Մշակութային համագործակցության մասին» նախապատրաստվող միջգերատեսչական ծրագրի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության և Աջարիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարարության միջև համագործակցության զարգացման առկա հնարավորությունները: Գիա Աբուլաձեն մասնավորապես նշեց աջարական կողմի պատրաստակամությունը Բաթումում հայ մշակույթի օրերի, համերգների, ցուցահանդեսների և այլ մշակութային միջոցառումների կազմակերպմանն աջակցություն ցուցաբերելու հարցում:

Անդրադառնալով կրթական ոլորտին` ՀՀ գլխավոր հյուպատոսը ընդգծեց աջարահայ աշակերտների շրջանում հայոց լեզվի և գրականության, հայ ժողովրդի պատմության դասավանդման որակը էապես բարելավելու, տեղի այլալեզու հայաշատ դպրոցներում մայրենիի ֆակուլտատիվ ուսուցում կազմակերպելու անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Աջարիայի համայնքային կազմակերպությունների հետ մոտ ապագայում հարցի համատեղ քննարկում կազմակերպելու վերաբերյալ:

Կողմերը կարևորեցին Բաթում և Վանաձոր քույր քաղաքների միջև հասարակական, մշակութային, մարզական կապերի աշխուժացումը, քննարկեցին նաև սպորտի ոլորտում փոխհամագործակցության հնարավորությունները:

Նույն օրը Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը հանդիպում ունեցավ Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գեորգի Պապուաշվիլիի հետ (նստավայրը` Բաթում):

Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
 

Գարիկ Իսրայելյանը հանդիպել է Գիա Աբուլաձեյի հետ