Հայաստան-ԵՄ. Երկխոսություն` մարդու իրավունքների շուրջ
07/12/2011 20:04

Հայաստան-ԵՄ. Երկխոսություն` մարդու իրավունքների շուրջ

Դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսության երրորդ հանդիպումը: Ներկա դրությամբ Եվրոպական Միությունը մարդու իրավունքների շուրջ մասնագիտացված քննարկումներ է անցկացնում աշխարհի գրեթե 40 երկրների հետ: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԵՄ հետ մարդու իրավունքների շուրջ երկխոսության անցկացմանը:

Երկխոսությունը, որը ներկայացված էր նաև փորձագիտական մակարդակով, անցավ բարեկամական, բաց և կառուցողական մթնոլորտում, որի ընթացքում մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն և մտահոգություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ, ինչպես նաև տեղի ունեցան քննարկումներ մարդու իրավունքների ոլորտում կոնկրետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը` Եվրոպական արտաքին գործերի ծառայության Մարդու իրավունքների քաղաքականության ուղենիշների ստորաբաժանման ղեկավար Ռինա Կիոնկան (Riina Kionka): Հայկական պատվիրակության կազմում էին Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանը, արդարադատության փոխնախարար Ա. Օրբելյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջ. Բաղդասարյանը, գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գ. Կոստանյանը, մարդու իրավունքների պաշտպան Կ. Անդրեասյանը, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, կառավարության աշխատակազմի, դատական դեպարտամենտի ներկայացուցիչները:

Երկխոսությունը հնարավորություն տվեց մտքեր փոխանակելու Հայաստանում և ԵՄ-ում մարդու իրավունքների վիճակի շուրջ: Մասնավորապես, քննարկումների օրակարգում էին մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգին, դատական բարեփոխումներին, ընտրություններին և ընտրական համակարգին, ազատ արտահայտվելու և տեղեկատվություն ազատությանը, հավաքներ անցկացնելու և միավորումներ կազմելու ազատությանը, ներառյալ քաղաքացիական հասարակության գործունեությանը, խոցելի խմբերի իրավունքներին առնչվող հարցեր: Հայաստանի և ԵՄ պատվիրակությունները քննարկեցին նաև մարդու իրավունքների շուրջ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում: Հայաստանը և ԵՄ համաձայնեցին մարդու իրավունքների շուրջ երկխոսության հաջորդ հանդիպումից առաջ կազմակերպել սեմինար քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար:

Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
 

Հայաստան-ԵՄ. Երկխոսություն` մարդու իրավունքների շուրջ