Տեղի կունենա «Քվանտ» վարժարանի հետազոտական կենտրոնի բացումը
07/12/2011 18:33

Տեղի կունենա «Քվանտ» վարժարանի հետազոտական կենտրոնի բացումը

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 1100–ին, տեղի կունենա «Քվանտ» վարժարանի հետազոտական կենտրոնի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կ. Ավագյանը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը և պաշտոնատար այլ անձինք:

ՀԵՀ-ի աջակցությամբ վարժարանը 2011 թ. հնարավորություն ունեցավ ավարտին հասցնելու հետազոտական կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները, կահավորել այն, ձեռք բերել հետազոտական լաբորատոր սարքավորումներ, ինչպես նաև մեծ քանակությամբ մասնագիտական գրականություն ու պարբերականներ: Հետազոտական կենտրոնը ծառայում է նաև համայնքային նշանակության մի շարք խնդիրների լուծմանը, մասնավորապես տարբեր դպրոցների ուսուցիչների վերապատրաստմանը, աշակերտների համակարգչային գրագիտության զարգացմանը:

Վարժարանի իրականացրած հաջորդ կարևոր գործը ՀԵՀ-ի աջակցությամբ «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարի երկրորդ մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների ավարտն է: Արդեն 2012 թ. ամռանը այն կօգտագործվի ինչպես վարժարանի աշակերտների ռազմամարզական հավաքների, այնպես էլ տարբեր դպրոցների ուսուցիչների վերապատրաստման, միջազգային ամառային դպրոցի անցկացման և դպրոցականների միջազգային օլիմպիադաներին Հայաստանի հավաքական թիմերի նախապատրաստման նպատակներով:

Արգասավոր էր ՀԵՀ-ի աջակցությունը հատկապես վարժարանի ուսուցիչների նորարարական աշխատանքների խթանման ուղղությամբ: Համագործակցության արդյունքում մեծ թափ հաղորդվեց 4 համարձակ ծրագրերի: Դրանցից առաջինը վերաբերում է տարրական դպրոցում համակարգչային հմտությունների ուսուցմանն ու ներդրմանը, երկրորդը՝ Հայաստանի և սփյուռքի դպրոցներում «Լոգո» (Logo Microwords) առաջին հայալեզու համակարգչային ուսուցողական միջավայրի ներդրմանը: Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն կստեղծի Հայաստանի դպրոցականների համար աշխարհի տարբեր ծայրերում գտնվող սփյուռքի հայկական դպրոցների՝ իրենց հասակակից աշակերտների հետ համատեղ, մայրենի լեզվով ստեղծելու ինտերակտիվ կրթական բովանդակություն:

Երրորդ և չորրորդ ծրագրերի շրջանակներում ստեղծվել են անգլերենի և ֆիզիկայի ինքնատիպ էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներ:
 

Տեղի կունենա «Քվանտ» վարժարանի հետազոտական կենտրոնի բացումը