Թույլ չեն տա թշնամիներին հայ ազգային խոհանոցը «կուլ տալ»
07/12/2011 17:13

Թույլ չեն տա թշնամիներին հայ ազգային խոհանոցը «կուլ տալ»

Հարիսա կամ քաշիկա: Հայերից բացի որիշ որևէ ազգին պատկանող տատիկի չես տեսնի թոնրի առաջ նստած` երկանքով ցորեն ծեծելիս: Իսկ հայկական բարձրավանդակի ժողովուրդն առաջինն էր, որ նստակյաց տնտեսություն էր վարում, ինչը վավերացված է նաև մեր ժայռապատկերներում:

Այս ապացույցները դեռ մի մասն են այն ողջ խոհանոցային մշակույթի, որոնք խոսում են թե’ հարիսայի, թե’ հացահատիկով պատրաստվող ցանկացած այլ կերակրատեսակի հայկականության մասին:

Այն, որ ՅՈՒՆԵՍԿՕՆ-ն օրեր առաջ հարիսան ճանաչել է  թուրքական ազգային ուտեստ, «Հայկական խոհանոցային ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն անհեթեթություն համարեց և, ներկայացնելով հարիսայի տարատեսակներն ու պատրաստման ավանդական եղանակները, նշեց, որ իրենց կազմակերպությունը երիտասարդ ազգագրագետների հետ արդեն հավաքել է պատմական բոլոր հիմքերն ու շուտով բողոքարկելու է միջազգային կազմակերպության որոշումը.

«Հարիսայի կամ քաշիկայի տարբերությունը միայն այն է, որ քաշիկան քաշովի է և եփվում է թոնրում` առանց խառնելու, ինչպես քաշովի փլավները: Պատրաստվում է հավի և գառան մսից, սակայն նաև ընդեղենից ու բանջարեղենից»:

Որևէ կերակրատեսակի ազգային պատկանելությունը ճիշտ որոշելու համար, նույն կազմակերպության քարտուղար, պատմաբան Վահե Անթանեսյանի խոսքերով, անհրաժեշտ է ուսումնասիրել դրա պատրաստման համար օգտագործվող գործիքները: Հարիսայի անբաժանելի բաղադրիչներն են թոնիրն ու կավե տարաները, որոնց մեջ եփվում ու մատուցվում է, իսկ վերջիններս զուտ հայկական են:

Պարզվում է, սակայն, դրանում վստահ չեն ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն և մեր հարևանները, այլ նաև` հայ ազգագրագետներն ու մշակութաբանները: Վ. Անթանեսյանը պատմեց, որ բողոքարկելու գործընթացին աջակցելու համար պատրաստվում են դիմել Ազգագրության ինստիտուտ և մեջբերեց այդ թեմայով վերջերս մամուլում հայտնված տողերը, որոնցում ինստիտուտի աշխատակիցն ասել էր. «Կերակրատեսակների մասին կտրուկ չի կարելի ասել, թե որ ազգին են պատկանում».

«Ինչպե՞ս կարող են հերքել հայկական ավանդական խոհանոցի գոյությունը նույնիսկ ազգայինը պահպանողները»,-հարցրեց Անթանեսյանը և հավելեց, որ մինչ օրս հայկական որևէ ազգային կերակուր պաշտոնապես գրանցված չէ:

Մինչդեռ, ասուլիսին ներկա գրող, հրապարակախոս Լիա Ավետիսյանի մեկնաբանմամբ, խոհանոցը մշակույթի հիմքն է և բառարմատն էլ ինքնանպատակ չէ. «Խոհարար` նշանակում է միտք անող: Իզուր չէ, որ իշխանատական ժամանակներում ճաշասենյակ հասկացություն չի եղել, այլ եղել է տաճար, որտեղ սեղանի շուրջ մեծամեծները քննարկել են կարևոր հարցեր»,- ասաց գրողը և նկատեց, որ Մշակույթի նախարարության առաքելությունն ընդամենը մեր ունեցածը պահելու, մոռացության փոշին մաքրելու և աշխարհին ներկայացնելու մեջ: Այնինչ` ճիշտ հակառակը.

«Մշակույթի նախարարին պրովոկացիոն հարց են տալիս` տոլման հայկակա?ն է, թե՞ թուրքական, պատասխանում է` դե կողք-կողքի ապրել ենք, ի՞նչ տարբերություն, թե ումն է»:

«Ցորենի հայրենիքը հայկական բարձրավանդակն է, և հարիսան էլ մեր այցեքարտը»,- ասաց Ս. Մամուլյանը և պատահական չհամարեց թուրքերի կողմից հենց հարիսայի հայկականության վիճարկումը` մեզ արմատախիլ անելու քաղաքականություն են վարում: 

Թույլ չեն տա թշնամիներին հայ ազգային խոհանոցը «կուլ տալ»