Վարչապետ. Գյուղատնտեսության ապահովագրումը ռիսկային է
07/12/2011 18:24

Վարչապետ. Գյուղատնտեսության ապահովագրումը ռիսկային է

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարց-պատասխանի շրջանակներում անդրադարձավ պատգամավոր Ռուզան Առաքելյանի հարցին, թե արդյոք հնարավո՞ր չէ ներդնել գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմ:

Վարչապետի խոսքերով` հարցը երկար ու համակողմանի քննարկվել է և' գյուղնախարարությունում, և' Կենտրոնական բանկում, ուսումնասիրվել է միջազգային փորձը: Իսկ ապահովագրական համակարգ ներդնել մի երկրում, ուր ՀՆԱ աճը ցածր է, «բավական թանկ հաճույք է»:

«Եթե ապահովագրությունը լինի պարտադիր, ուրմեն շուրջ 340 հազար գյուղատնտեսություն պետք է պարտադիր ապահովագրվի, ինչը լրացուցիչ բեռ է վերջիններիս համար, իսկ ոչ պարտադիր ապահովագրության դեպքում` գործընթացը կլինի բավական թանկ»,- պարզաբանեց Տ. Սարգսյանը` նշելով, թե դա էր պատճառը, որ Կառավարությունը գյուղատնտեսության ապահովագրությունը համարեց ոչ նպատակահարմար:

Վարչապետը տեղեկացրեց, որ Կառավարությունը որոշել է այլ միջոցառումներ ձեռնարկել` գյուղատնտեսության զարգացումը խթանելու համար:

«Սրա համար մշակեցինք գյուղատնտեսության երկարաժամկետ զարգացման համալիր ծրագիր: Միայն վարկային տոկոսի սուբսիդարվարման միջոցով հանարավոր չէ զարգացնել գյուղատնտեսությունը Հայաստանում, չնայած աղքատ շրջանի վրա ազդեցություն թողնում է: Դրա համար մենք առանձնացրինք առավել աղքատ համայնքների ցանկը, ուր սուբսիդավորումը բարձր է»,- ասաց նա` հավելելով, թե տրամաբնությունն այն է, որ բանկային մոնիտորինգի ու վարկային վերադարձելիության պատասախանտվությունը կրում է առևտրային բանկը, իսկ պետությունը, նվազեցնելով վարկի գինը, այնպես է անում, որ այն ավելի հասանելի լինի:

«Սուբսիդավորումը մնում է ռիսկային, ու դուք լավ գիտեք, որ գյուղացիների մեծ մասը կքած են բեռի տակ»,- արձագանքեց պատգամավոր Ռ. Առաքելյանը:

Որպես պատգամավորի արձագանքի պատասխան` վարչապետը նշեց, որ միայն վարկերի միջոցով գյուղատնտեսությունը զարգացնել հնարավոր չէ, դրա համար կառավարությունը քննարկում է  պարարտանյութով գյուղատնտեսությանը ապահովելու խնդիրը:

«Մեր ազգային պարարտանյութը արտադրելու նպատակով` պիլոտային ծրագիր արեցինք»,- ասաց նա:

Երկրորդ ուղղությունը, ըստ վարչապետի, գյուղտեխնիկայի համալրումն է: Կառավարությունը աշխատանք է տանում` պարզելու, թե ինչպիսի՞ վճարունակ պահանջարկ կա գյուղտեխնիկա ձեռք բերելու համար, և թե ինչպե՞ս պետությունը կարող է օժանդակել, որ գյուղատնտեսական միջոցները լինեն երկարաժեմկետ, ինչպես նաև` լիզինգային ծրագրեր իրականցվեն:

Հաջորդ ուղղությունը, վարչապետի ներկայացմամբ, սերմերի ներմուծումն է, որի շնորհիվ կբարձրանա արտադրողականությունը: 

Վարչապետ. Գյուղատնտեսության ապահովագրումը ռիսկային է