Վ. Գաբրիելյան. Գնաճը կառավարելի միջակայքում է
07/12/2011 18:14

Վ. Գաբրիելյան. Գնաճը կառավարելի միջակայքում է

«Նոր տարին հայ ընտանիքում կուշտ ուտելու, երեխային ինչ-որ կերպ ուրախացնելու, հյուր գնալու վկայական է: Վիկտոր Դալլաքյանի ներկայացրած աղքատության ցուցանիշները ցույց են տալիս, թե ինչպես են հայերը դիմավորելու Նոր Տարին: Քանի որ մենք ճշտով պետություն ենք, ուրեմն ինչո՞ւ է այստեղ շարունակվում գնաճը: Խոզի միսը նույնիսկ երեք հազար դրամից թանկացել է: Ի տարբերություն այլ երկրների, ուր համատարած զեղջեր են լինում, մեզ մոտ հին ու բարի ավանդույթը շարունակվում է, ուզում եմ, որ կառավարությունը այս ֆենոմենին բացատրություն տա»,- այսպես այսօր ԱԺ-Կառավարություն հարց-պատասխանի ժամանակ հարցրեց «ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:

Հարցին պատասխանեց ՀՀ ֆինանսների նախարարՎաչե Գաբրիելյանը` ասելով, որ ցավում է, եթե պատգամավորը ժամանակ չի ունեցել ծանոթանալու տնտեսական վիճակագրությանը:

Ըստ նախարարի` գնաճը կառավարելի միջակայքում է, այսինքնէ կա ոչ միայն գնաճ, այլև եկամուտների աճ, ինչը նշանակում է, որ գնաճը սպառումը չի կարող կրճատել, իսկ նոյեմբերի վերջին հրապարակված տվյալներով` արձանագրվել է գնաճի այնպիսի ցուցանիշ, որը համարժեք են տարեկան պլանավորման գնաճին:

«Գնաճը գտնվում է լիովին կառավարելի միջակայքում ու հաշվի առնելով սեզոնային զարգացումները` կունենանք գնաճ, ինչը ամբողջովին ծրագրված էր ու ոչ մի ազդեցություն չի ունենա ժողովրդի բարեկեցության վրա»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է նախատոնական թանկացմանը, Վաչե Գաբրիելյանը նշեց, որ, որպես կանոն, գների իջեցում տոներից հետո է տեղի ունենում, իսկ նախատոնական շրջանում լինում է ապրանքի առանձին տեսակների դեպքում, ինչը մարքետինգային մոտեցում է:

«Եթե ձեր ասած վիճակագրությունը ձեռքին քաղաքացին մտնի տոնավաճառ, իրեն բո՞ւդ են տալու, թե՞ կարտոֆիլ. Ինչո՞ւ այդ մարքետինգային տրամաբանությունը ՀՀ-ում չի աշխատում»,- արձագանքեց Ստյոպա Սաֆարյանը:

«Պետք է տարբերակել գնաճն ու աղքատությունը: Եթե չունենանք էլ գնաճ, աղքատները էլի հնարավորություն չեն ունենա սպառում իրականացնել»,- պատգամավորին առարկեց նախարարը:

Ըստ նրա` դեկտեմբեր ամսվա տվյալներով` 12 մասվա կտրվածքով գնաճը կազմել է 5.5 տոկոս, ինչը, ըստ նախարարի, լիովին կառավարելի է: Իսկ մարքետինգային մոտեցում, Վ. Գաբրիելյանի համոզմամբ, գործում է նաև Հայաստանում: 

Վ. Գաբրիելյան. Գնաճը կառավարելի միջակայքում է