.jpg)
Նախարար. Տնտեսությունը թևակոխում է կայուն զարգացման փուլ
Այսօր Աժ-կառավարություն հարց ու պատասխանի ընթացքում Աժ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը խոսեց ՀՀ-ում աղքատության աճի մասին` նշելով, որ աղքատության ցուցանիշն ամենաբարձրն է Շիրակի մարզում, ապա Կոտայքում ու Գեղարքունիքում:
Պատգամավորի ներկայացմամբ` պաշտոնապես աղքատ է են համարվում այն ընտանիքները, ում միջին ամսեկան պարենային ծախսը կազմում 18 հազար դրամ, իսկ նվազագույն աշխատավարձը` 31 հազար դրամ: Այս տեսակետից 530 հազար կենսաթոշակառուներ գտվում են աղքատ վիճակում:
Արձագանքելով պատգամավորին` Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հիշեցրեց 2008 թվականին ձևավորված կայուն զարգացման ծրագիրը, որի խնդիրը աղքատության հաղթարահումն էր:
Ըստ նախարարի` աղքատության աճը 2008 թվականից հետո պայմանավորված էր համաշխարհային տնտեսական ճգնաժամով:
Տ. Դավթյանի կարծիքով, հիմա երկրի տնտեսությունը թևակոխում է կայուն զարգացման փուլ, ու այս տարի գրանցվել է տնտեսական աճ նույնիսկ այն քանակով, որը կառավարությունը չէր կանխատեսում:
Վիկտոր Դալաքյանը նախարարին ու կառավարության ներկայացուցիչներին խնդրեց ուշադրությաւն դարձնել հատկապես խաթարված ճակատագրերով մարդկանց:
«Մարտ ամսի տվյալներով` Հայաստանի 800 հազար ընտանիքներից 400 հազարը կացարան չունի, իսկ մյուսները բնակվում է նկուղներում, կիսակառույց շենքերում և այլն: Վիճակագրական տվյալների համաձայն` մեկ միլիոն հարյուր հազար մարդ աղքատ է: Ես չէի ցանկացա գույները խտացնել, բայց եթե նախկինում մարդիկ ասում էին` մեռնենք, որ ցավից ազատվենք, հիմա աղքատները վախենում են մեռնել, որ իրենց աղքատ մերձավորների համար բեռ չդառնան»,- ասաց պատգամավորը:
Նա համաձայնեց, որ կառավարությունը որոշակի քայլեր կատարում է, հասկանում է, որ կա որոշակի արտաքին ճգնաժամ, «բայց հավատացեք, որ այս մարդկանց խնդիրները պետք է լուծել. երբ մարդ հացի փող չունի, դուրս է նաև քաղաքականությունից»:
Պատգամավորի վերջին դիտարկումին ևս արձագանքեց Տիգրան Դավթյանը` նշելով, որ «սոցիալական խնդիրների լուծման միակ ճանապահը դինամիկ, զարգացած հզոր տնտեսություն ունենալն է, որի ուղղությամբ էլ գնում ենք»: