Վաղը կմեկնարկի կենսաթոշակային տարեկան համաժողովը
15/12/2011 19:04

Վաղը կմեկնարկի կենսաթոշակային տարեկան համաժողովը

Վաղն առավոտյան կմեկնարկի կենսաթոշակային տարեկան համաժողովը, որին կմասնակցեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտին առնչվող հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Առաջին կենսաթոշակային տարեկան համաժողովը կամփոփի կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող օրենսդրական փաթեթի ընդունումից հետո` անցած մեկ տարվա ընթացքում, իրականացված աշխատանքները, ինչպես նաև կնախանշի 2012 թվականի կարևորագույն քայլերը:

Ըստ ԿՀԻԿ հիմնադրամի լրատվության բաժնի՝ կներկայացվեն բարեփոխումների քաղաքականության առաջիկա զարգացումները, բազմաստիճան կենսաթոշակային համակարգի բաշխողական բաղադրիչը և «Էլ.-Կենսաթոշակ» համակարգը, բազմաստիճան կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչը, եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառումը 2013թ.-ից, սոցիալական ապահովության պետական ծառայության նոր կայքէջը, որն առաջիկա ինն ամիսներին կփոխարինի նաև www.ePension.am կենսաթոշակային միասնական կայքէջին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ԿՀԻԿ հիմնադրամը և ՀՀ կենտրոնական դեպոզիտարիան (NASDAQ OMX/Armenia) փոխարինված կայքէջը հանրությանը կներկայացնեն 2012թ. Կենսաթոշակային երկրորդ համաժողովի ընթացքում: 2012թ. Կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման, հանրային ուսուցման և դրա շրջանակներում ֆինանսական կրթության ծրագրի հիմնական տարրերը:

Այս համաժողովների շարքից հաջորդ միջոցառումը կկազմակերպվի 2012թ. դեկտեմբերին` ամփոփելով բարեփոխումների 2-րդ տարին, իսկ 2013թ. դեկտեմբերին տեղի կունենա բարեփոխումների եռամյա գործունեության վերջնական ամփոփումը, և նոր ձևավորված` լիցենզավորված ակտիվների կառավարիչների շնորհանդեսը: 3-րդ միջոցառումը (2013թ. դեկտեմբերի վերջին) նաև կազդարարի, որ 2014 թվականից սկսելու է գործել պարտադիր կուտակային համակարգը:

Վաղը կմեկնարկի կենսաթոշակային տարեկան համաժողովը