Մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ
15/12/2011 20:45

Մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ

ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվության բաժնից:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արտաշատ քաղաքի բնակիչ Ա. Հարությունյանը 2010թ. ամռանը ծանոթացել է Երևան քաղաքի բնակիչներ Կ. Գասպարյանի և Ա.Մայիլյանի հետ, ովքեր զբաղվել են շենգենյան երկրների մուտքի արտոնագիր ստանալու նպատակով իրենց դիմած քաղաքացիների անուններով փաստաթղթերի փաթեթներ նախապատրաստելով, արտերկրում հյուրանոցային համարներ վարձակալելով, ինքնաթիռի տոմսեր գնելով, ինչպես նաև` այլ ծառայություններ մատուցելով:

Վերջիններս իրենց կողմից մատուցվող ծառայությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց, որպես վարձավճար, վերցրել են 3000-3600 եվրո գումար: Կ. Գասպարյանը և Ա.Մայիլյանը, տեղյակ լինելով, որ Ա. Հարությունյանը երկար տարիներ բնակվել է Աթենք քաղաքում, ծանոթ է քաղաքին և հյուրանոցային ցանցին, լավ տիրապետում է հունարենին, խնդրել են նրան Աթենք քաղաքի հյուրանոցներում հյուրասենյակներ վարձակալել` 200-ական եվրո միջնորդավճարի դիմաց, որը փոխանցել են Արտաշատ քաղաքի բնակիչ Վ. Մանուկյանի միջոցով:

Ա. Հարությունյանը 2010թ. հունիս ամսից մինչև 2011թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում թվով 17 ՀՀ քաղաքացիների համար 1500-1900 եվրոյի սահմաններում Աթենք քաղաքում վարձակալել է հյուրանոցային համարներ:

2011թ. փետրվարի 14-ին Ա. Հարությունյանն ու Վ. Մանուկյանը բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Դեպքի կապակցությամբ ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Ա. Հարությունյանը դիմել է նույն վարչության 5-րդ բաժնի ավագ օպերլիազորին` խնդրելով օգնել իրեն, նախապատրաստվող նյութերին ընթացք չտալ կամ նյութերից հանել իրենց վերաբերյալ տեղեկությունները: Այդ նպատակով Ա. Հարությունյանը ավագ օպերլիազորին սկզբում առաջարկել է 10 000 եվրո, ապա` 15 000 եվրո կաշառք:

Վերջինս հրաժարվել է իրեն առաջարկվող գումարից: Այդուհանդերձ Ա. Հարությունյանը շարունակել է նույն խնդրով պարբերաբար դիմել ավագ օպերլիազորին: Վերջինս 21.02.2011թ. ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի անունով զեկուցագիր է ներկայացրել` հայտնելով, որ իրեն առանձնապես խոշոր չափերի կաշառք են առաջարկում` վերոհիշյալ գործի կապակցությամբ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ա. Հարությունյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունը:

2011թ. փետրվարի 23-ին` ժամը 11:00-ին, Ա. Հարությունյանը գնացել է ԿՀԴՊ գլխավոր վարչություն և աշխատասենյակներից մեկում հիշյալ ավագ օպերլիազորին տվել կաշառքը` 15 000 եվրո գումար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար: 

Մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ