.jpg)
Մշակվել է արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել մինչև 2012 թ. հունվարի 31-ը ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել վարչապետին կից արդյունաբերական խորհրդի կազմը և աշխատակարգը, նույն ժամկետում ապահովել ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և կոնյակագործության ոլորտային խորհուրդների ձևավորումը, եռամսյա ժամկետում կառավարության հաստատմանը ներկայացնել նշված ոլորտների ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել այն բոլոր հասարակական կազմակերպություններին, հետազոտական կենտրոններին, կուսակցություններին, որոնք շահագրգիռ մասնակցություն են ունեցել արդյունաբերական քաղաքականության ռազմավարության քննարկմանը և իրենց արժեքավոր առաջարկություններով հարստացրել են փաստաթուղթը։ Տիգրան Սարգսյանն առաջարկել է, որպեսզի վարչապետին կից ստեղծվելիք խորհրդի կազմը ռոտացիոն սկզբունքով ամեն տարի թարմացվի։ « Ընդ որում, ճիշտ կլինի, եթե ասոցիացիաների, խոշոր ձեռնարկությունների, դոնորների ներկայացուցիչները, փորձագետները` մասնավոր հատվածը, ավելի մեծաթիվ լինի, քան պետականը», - ընդգծել է վարչապետը։
Կառավարության հավանությանն է արժանացել «Մաքուր արտադրության» հայեցակարգը, որը նպաստելու է քիմիական նյութերի և թափոնների անվտանգ կառավարմանը, էկոլոգիապես մաքուր արտադրության ներդրմանը, ինչպես նաև արտադրության տնտեսական արդյունավետության բարձրացմանը։ Նախկինում ընդունված մեկ այլ որոշման մեջ կատարելով լրացումներ` կառավարությունն ակնկալում է հասնել վնասակար նյութերի արտանետումների նորմավորման (սահմանափակման) գործընթացի բարելավմանը։