Անապահով ընտանիքներից յուրաքանչյուրին 3 շիշ ձեթ կտան
15/12/2011 17:29

Անապահով ընտանիքներից յուրաքանչյուրին 3 շիշ ձեթ կտան

Գործադիրը 2011 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացում` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակ հատկացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը տրամադրել 60 մլն դրամ։ Կրթաթոշակ է նշանակվելու այն ուսանողներին, ովքեր չեն ընդգրկվել անվճար ուսուցման համակարգում, սակայն ունեն բարձր առաջադիմություն և ցուցաբերել են հասարակական ակտիվություն։

«Սա մեր սոցիալական օժանդակության փաթեթի մեջ մտնող կարևոր միջոցառումներից է, - ասել է Տիգրան Սարգսյանը։ - Առաջին հերթին, շուրջ 600 ուսանողներ են ընտրվում, որոնք սոցիալապես անապահով ընտանիքներից են և ուսման վարձի վճարման խնդիր ունեն։ Երիտասարդական հիմնադրամը կազմակերպում է բավական թափանցիկ գործընթաց, որտեղ հենց ուսանողներն են կատարում ընտրություն և վերահսկում, որ տրամադրվող միջոցները հասցեատիրոջը հասնեն։ Մենք դրական ազդակներ ենք ստացել այս ծրագրի վերաբերյալ, և կարծում եմ, որ ճիշտ կլինի շարունակել այն»։

Գործադիրը նաև փոփոխություններ է կատարել դեռևս 2007 թ. իր հաստատած ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչներում։ Դրանց վերանայումը կնպաստի ծեր և հաշմանդամ քաղաքացիներին տրամադրվող խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների բարելավմանը և արդյունավետության մեծացմանը։

ՀՀ կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետությանը որպես մարդասիրական օգնություն հատկացված 1 մլն 86 հազար 960 շիշ արևածաղկի ձեթից որպես սոցիալական աջակցություն տրամադրել ՀՀ մարզերում (Երևան քաղաքում) 2011թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքներին` յուրաքանչյուր ընտանիքին 3 շիշ։

«Սոցիալական օգնությունն անապահով ընտանիքներին շարունակական է լինելու, - այս կապակցությամբ ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ - 2012 թ. պետական բյուջեով մենք հունվարի 1-ից սոցիալական նպաստները բարձրացնում ենք 10 տոկոսով, նույնքան էլ` կենսաթոշակները։ Միևնույն ժամանակ կառավարությունը մշակել է սոցիալական օժանդակության համալիր ծրագիր։ Անապահով ընտանիքներին մենք ցուցաբերելու ենք սոցիալական օգնություն, և սա 116 հազար ընտանիքներին տրամադրվող նախատոնական օգնություն է, որը շարունակական է լինելու»։

Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի գյուղատնտեսությունը զարգացնելու և բնակչության կողմից անհատական ոռոգման պոմպերով օգտագործված էլեկտրաէներգիայի արժեքը փոխհատուցելու նպատակով կառավարությունը Սյունիքի մարզպետարանին հատկացրել է 3 մլն 720 հազար դրամ։

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում` կառավարությունն ակնկալում է կարգավորել նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի փոստային բաժանորդային պահարանների սպասարկումը և ապահովել փոստային կապի պատշաճ ծառայությունների մատուցումը։

Կառավարության որոշումներով «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամին տրամադրելու նպատակով հատկացվել է ավելի քան 35 մլն, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին նոր տարածքի, աշխատանքային սենյակների և նիստերի դահլիճի կահավորման, հեռուստառադիոծրագրերի մշտադիտարկման համալիրի արդիականացման համար` 24.5 մլն դրամ։

Ամանորի տոնակատարության հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից ՀՀ մարզպետարաններին հատկացրել է 100 մլն դրամ։

Անապահով ընտանիքներից յուրաքանչյուրին 3 շիշ ձեթ կտան