.jpg)
Ոստիկանապետը հանձնարարական է տվել
Նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման, ինչպես նաև առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվող անձանց հայտնաբման աշխատանքներն ակտիվացնելու նպատակով, ոստիկանության պետը հանձնարարական է տվել համապատասխան ստորաբաժանումներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության ՀԿԼ բաժնից:
Նույն աղբյուրի փոխանցմամ՝ վերջին օրերին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը 18-ամյա վաղեմության սպանությունը բացահայտելուց հետո տրամաբանական ավարտին հասցրեց նախկինում կատարված աղմկահարույց հանցագործության մի բացահայտում ևս:
Դեկտեմբերի 14-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության ՔՀԳՎ աշխատակիցները բերման են ենթարկել 2006 թվականից հետախուզվող 1978 թ. ծնված Ս.Հակոբյանին: Գործը, որով նա հետախուզվում էր, ժամանակին ստացել էր հասարակական հնչողություն:
2006 թվականի հունիսի 22-ին Երևանում կրակոցներ հնչեցին: Ոստիկանության ամփոփագրերում դեպքը ներկայացվեց այսպես.«Ժամը 14.45-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վարորդ 1980 թ. ծնված Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է և հիվանդանոցի ճանապարհին մահացել: Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ 1969 թ. ծնված Կարինե Սարգսյանը»:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցվեց քրեական գործ և հետախուզում հայտարարվեց Ս.Հակոբյանի նկատմամբ:
Ս.Հակոբյանի հետ բերման են ենթարկվել նաև 1968 թ. ծնված Ա.Հակոբյանն ու 1971 թ. ծնված Ա. Եղիազարյանը, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերված ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:
Դեկտեմբերի 14-ի երեկոյան խուզարկություն կատարվեց Ս. Հակոբյանի փաստացի բնակության վայրում՝ Մալաթիայի փողոցի թիվ 24 տանը, որի առաջին հարկի հյուրասենյակի սեղանի վրայից հայտնաբերվեց մոտ 45 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգված:
Նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: