«Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում»
15/12/2011 19:32

«Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում»

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ այսօրվանից մինչև դեկտեմբերի 17–ը Աղվերանում կազմակերպել են «Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում. մարտահրավերներ ու հեռանկարներ» թեմայով առաջին ֆորումը: Համաժողովի նպատակն է՝ ներկայացնել և քննարկել մեր երկրում որակի ապահովման գործընթացները, առաջիկա խնդիրները և լուծման ուղիները:Այս մասին տեղեկացնում են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:

ֆորումին ներկա էին 90 մասնակիցներ` ՀՀ բուհերի ներկայացուցիչներ, տեղացի և միջազգային փորձագետներ, Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ և այլն: Որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը բացման խոսքում կարևորեց բոլոր շահագրգիռ կառույցների ակտիվ մասնակցությունը և ներգրավվածությունը որակի ապահովման գործընթացում:

Պաշտոնական բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով իր խոսքում ողջունեց ֆորումի կազմակերպումը և կարևորեց այս թեմայով քննարկումների ծավալումը` նշելով, որ ակնկալում է ազնիվ, շահագրգիռ և բաց քննարկում որակի ներքին ապահովման խնդիրների վերաբերյալ, ինչն իր ազդեցությունը կունենա կրթության գերակա խնդիրները արդյունավետ կազմակերպելու գործում: Ֆորումին ելույթ ունեցավ նաև Ֆրանսիայից ժամանած միջազգային փորձագետ Բրունո Կորվալեն, որը իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու Որակի ապահովման ազգային կենտրոնին` կրթության որակի ապահովման մեխանիզմները զարգացնելու հարցում: Հիշեցնենք, որ եռօրյա ֆորումի ընթացքում մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալու տեղի և միջազգային հեղինակավոր փորձագետների ելույթներին, մասնակցելու մասնագիտական վերապատրաստումների «ՈԱԱԿ մոտեցումները», «Որակի ներքին ապահովման համակարգ», «Ինքնավերլուծության մեթոդաբանություն և գործիքներ» թեմաներով, ինչպես նաև քննարկումների` ՀՀ-ում կրթության որակի ներքին ապահովման արդյունավետ մեխանիզմների և մոտեցումների վերաբերյալ: Ֆորումի վերջին օրը նախատեսվում է նաև միջազգային կրթական նախագծերի և հայաստանյան մի շարք բուհերի որակի ներքին ապահովման փորձի ներկայացում և ուսումնասիրություն:  

«Որակի ներքին ապահովումը ՀՀ մասնագիտական կրթության ոլորտում»