.jpg)
Փոխվարչապետն աշխատանքային այցով Սյունիքում էր
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Սյունիքի մարզ: Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայությունից:
Սիսիանում փոխվարչապետը մասնակցեց տարածաշրջանի համայնքների միության կողմից իրականացված «Համատեղ ուժերով զարգացնենք համայնքը» ծրագրի շնորհանդեսի արարողությանը, որի ընթացքում ներկայացվեց միության կազմում ընդգրկված համայնքների գույքահարկի և հողի հարկի ավտոմատացված համակարգի ցանցը, միության կայքը:
Համակարգի շնորհիվ համայնքների գույքահարկի և հողի հարկի բազաների կառավարումը կդառնա առավել արդյունավետ, համայնքներն իրական ժամանակի ռեժիմով կարող են ծանոթանալ իրենց բազաներին: Ներկայացվեցին նաև ծրագրի շրջանակում մշակված միջհամայնքային համագործակցության հինգ նախագծեր, որոնք մասնավորապես վերաբերում են համայնքներում աղբահանության կազմակերպմանը, միջհամայնքային ճանապարհների բարեկարգմանը, համայնքային կարևորության այլ խնդիրների:
Նշված ծրագրերը կյանքի կոչելու համար Սիսիանի համայնքների միությունը մտադիր է դիմել դոնոր կազմակերպություններին: «Համատեղ ուժերով զարգացնենք համայնքը» ծրագիրն իրագործվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության կողմից իրականացվող «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի» շրջանակում:
Փոխվարչապետը գոհունակություն հայտնելով ավտոմատացված ցանցի ներդրման առնչությամբ` հույս հայտնեց, որ այն կնպաստի համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման արդյունավետության եւ բյուջետային կարգապահության բարձրացմանը: Նա կարևորեց ծրագրի կիրառությունը համայնքային մյուս միությունների կողմից: Փոխվարչապետը հետաքրքիր համարեց նաև միջհամայնքային համագործակցության ծրագրերը` պատրաստակամություն հայտնելով աջակցել դրանց իրագործման համար ռեսուրսներ գտնելու հարցում:
Այցի շրջանակում փոխվարչապետը Սիսիան և Գորիս քաղաքներում մասնակցեց փոստային մասնաճյուղերի, իսկ Տաթև համայնքում` փոստային բաժանմունքի վերաբացման արարողություններին: «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ»-ը մարզերում շարունակում է արդիականացման ծրագիրը: Միայն այս տարի մարզերում վերաբացվել է արդիականացված 38 բաժանմունք, ծրագիրը շարունակական է, և հաջորդ տարի նախատեսվում է արդիականացնել ևս 35-ը:
Նշվեց, որ մինչեւ տարեվերջ կնորացվեն և կվերաբացվեն նաեւ Ագարակի, Քաջարանի, Կապանի փոստային բաժանմունքները: Վերազինված բաժանմունքների միջոցով քաղաքացիներին ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ կմատուցվեն: Բաժանմունքներում փոխվել և նորացվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը:
Փոխվարչապետը շրջայց կատարեց նորացված բաժանմունքներում, ծանոթացավ պայմաններին, կատարված աշխատանքներին: Նա դրական գնահատեց արդյունքները` հատկապես կարևորելով այն, որ հեռավոր մարզերի բնակիչներին ևս հասանելի են դառնում որակյալ ծառայությունները:
Տաթևի վերաբացված փոստային բաժանմունքում էլ փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց`«Տաթևի վերածնունդ» զբոսաշրջային ծրագրի իրականացման ընթացքի քննարկման նպատակով: Մասնակցում էին Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Խաչատուրյանը, տարածաքային կառավարման, քաղաքաշինության, մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ, համապատասխան համայնքների ղեկավարներ:
Անդրադարձ եղավ անհրաժեշտ ենթակառուցվածքների ձևավորմանը, իրավական կարգավորում պահանջող հարցերին, կարևորվեց շահագրգիռ մարմինների համագործակցված աշխատանքը: Փոխվարչապետը տարածքային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներին հորդորեց ամենայն աջակցություն ցուցաբերել ծրագրի իրականացմանը: