Վարդան Այվազյան.«Դու ասա, թե ո՞ր ոլորտում չունենք դիվերսիֆիկացիա»
16/12/2011 15:48

Վարդան Այվազյան.«Դու ասա, թե ո՞ր ոլորտում չունենք դիվերսիֆիկացիա»

«Դու ասա, թե ո՞ր ոլորտում չունենք դիվերսիֆիկացիա»,- դիմելով ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին` բորբոքված ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

«Ժամանակն է ճիշտն ասել, որ ժողովուրդն էլ ճիշտը հասկանա, թե չէ գեղեցիկ բառակույտեր ենք ասում ու բան էլ չենք հասկանում: Ասում եք` կառավարությունը դիվերսիֆիկացիա չի արել…. ի՞նչը չի արել»,- հարցրեց Վ. Այվազյանը:

Լ. Գալստյանն էլ հակադարձելով`  նկատեց, թե ամեն տարի պետական բյուջեի նախագիծ ներկայացնելիս կառավարությունը մի քանի թիվ բարձր է գրում ու նույնիսկ կանխատեսումը պրոֆեսիոնալ կերպով չի անում: «Քաղծառայողի աշխատավարձը չի անցնում 40 հազարից, մինչդեռ սպառողական զամբյուղը վաղուց 60 հազարից ավելի է»,-ասաց նա:

Խորհրդարանական ընդդիմության պատգամավորը նշեց, թե անցնող տարին լի էր տագնապներով, չարդարացված հույսերով ու սպասումներով:

«Ինչ մնում է ձեռքբերումներին, ապա դրանց մասին բարդ է խոսելը, ու այդպես էլ մտնում ենք նախընտրական տարի` բազմաթիվ անորոշություններով: Երկրում առկա է սոցիալական բևեռվածություն, արտագաղթ, աղքատության աճ, իշխանության բարոյական ճգնաժամ…, Էլ չեմ խոսում արտաքին մարտահրավերների մասին, թեև մեր նախագահը գոնե միջազգային հանրությունում անընդհատ բարձրացնում է ԼՂ միջազգային ճանաչման հարցը»,- եզրափակեց իր խոսք նա, ինչի հետ համամիտ էր նաև Վ. Այվազյանը. «Իմ կողմից այդքան սիրելի տիկին Գալստյանը, մասամբ ճիշտ է»:
 

Վարդան Այվազյան.«Դու ասա, թե ո՞ր ոլորտում չունենք դիվերսիֆիկացիա»