Գ.Մինասյան. «Նախապայման դնողը հենց մենք պետք է լինեինք»
16/12/2011 13:41

Գ.Մինասյան. «Նախապայման դնողը հենց մենք պետք է լինեինք»

«Թուրքիայի հետ հարաբերություններում մենք հասանք երկու արդյունքի. առաջինն այն է, որ հայկական խնդրի արծարծումը Թուրքիայի հասարակության մեջ ներկայումս դարձել է բնական և սովորական երևույթ. թուրքական մտավորականության կողմից այդ թեման ընդունելի է դարձել, այդ թեմայով քննարկումները թուրքական մամուլում սովորական երևույթ է: Այսինքն, կարելի է ասել, որ Թուրքիայում աշխատեցվեց մի մեխանիզմ, որը վաղ թե ուշ թուրքական պատմության իրողությունները հասանելի են դարձնելու թուրքական հասարակության համար»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների խնդրի շուրջ, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ սա անխուսափելի մի փուլ է, որը պետք էր անցնել, որպեսզի թուրք հասարակությունը պատրաստ լինի դրան հաջորդող գործընթացներին, որին կհաջորդի ցեղասպանության ճանաչումը։

«Այս ընթացքի համար այն, ինչ-որ արվեց, կարծում եմ, որ չափազանց մեծ ներդրում էր, չափազանց առաջադիմական քայլ էր։ Թուրքիան այլևս ընկել է մի հունի մեջ, որն իրեն պետք է բերի մի իրավիճակի, երբ կկանգնի իր նախորդների իրականացրած ցեղասպանության փաստի գիտակցման առաջ»,- նշեց Գ. Մինասյանը։

Ըստ պատգամավորի՝ հաջորդ արդյունքն այն է, որ հնարավոր եղավ համոզել ու կոտրել այն կարծրատիպը, թե հայկական կողմը չունի որևէ հնարավորություն ընդառաջ քայլ կատարելու, այլ կառչած է այն դիրքերին, ինչը կար մինչև ակտիվ դիվանագիտական ընթացքներ սկսելը. «Մենք նշել ենք, որ պատրաստ ենք առանց որևէ նախապայմանի առաջնորդվել այն դեպքում, երբ նախապայման դնողը հենց մենք պետք է լինեինք. մեր նախապայմանը պետք է լիներ՝ ճանաչել ցեղասպանությունը, առանց նախապայմանների բացել սահմանը և գնալ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,- նշեց պատգամավորը։

 

Գ.Մինասյան. «Նախապայման դնողը հենց մենք պետք է լինեինք»