Երևանից մինչև Մարտակերտ  ճանապարհը 200 կմ-ով կկրճատվի
16/12/2011 19:07

Երևանից մինչև Մարտակերտ ճանապարհը 200 կմ-ով կկրճատվի

«Անցնող տարին չափազանց կարևոր էր ղարաբաղյան խնդրում հստակ պատկերացումներ ձևավորելու և իրողությունները գնահատելու առումով։ Մենք ունենք բավականին ամուր դիրքեր բանակցային գործընթացում, արդեն իսկ համաձայնեցված փաստաթուղթ, որը, ըստ էության, չի ընդունվում ադրբեջանական իշխանությունների կողմից. սա է իրողությունը»,- խոսելով արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի 2011 թ. արդյունքների մասին, ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։

Պատգամավորը նշեց, որ այն իրավիճակը, որն այսօր ձևավորվել է, Ադրբեջանի համար նպաստավոր է, ինչը չի կարելի ասել տրամաբանական առաջընթացի մասին։ «Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը, ըստ էության, պահպանում է ստատուս քվոն»,- ասաց Գ. Մինասյանը։

Պատգամավորը նաև իր վերջին տպավորությունները ներկայացրեց Արցախի Հանրպետություն կատարած պաշտոնական այցից։

Նշվեց, որ Արցախի Հանրապետության իշխանությունների հետ քննարկվել են ԼՂՀ խնդրի կարգավորման խորհրդարանական դիվանագիտության հնարավորությունների ընդլայնման հարցեր։ Ներկայացվել են Արցախի Հանրապետության տնտեսության բավական բարձր ցուցանիշները։ Բացի այդ, Զոդից մինչև Մարտակերտ շատ կարևոր ավտոմայրուղի է կառուցվում, որի շինարարության ավարտից հետո, Երևանից մինչև Մարտակերտ ճանապարհը 200 կմ-ով կկրճատվի։ «Սա չափազանց կարևոր ռազմավարական, տնտեսական, մշակութային, նաև բարոյական ու հոգեբանական նշանակություն ունեցող շինություն է։ Արցախի Հանրապետության իշխանությունների հավաստմամբ՝ այդ ճանապարհը կկառուցվի բոլոր պարագաներում, անկախ նրանից, թե ինչպիսի ֆինանսական միջոցների հետ կապված կլինի»,- ընդգծեց Գ. Մինասյանը։
 

Երևանից մինչև Մարտակերտ ճանապարհը 200 կմ-ով կկրճատվի