.jpg)
Խուրշուդյան. Կառավարում ուղղակի գոյություն չունի
Այսօր «Մասնակցել ընտրություններին, թե ոչ» խորագրով հասարակական քննարկման ժամանակ «Սարդարապատ» շարժման տեսակետը ներկայացնող կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանը ՀՀ քաղաքական ուժերի գործելաոճը համեմատեց հայտնի երգիչ Ֆրեդի Մերկուրիի «Show must go on» երգի հետ:
«Բոլորը գիտեն, թե ով է հաղթելու ընտրություններին, բայց շարունակում են նույն գործելաոճը: 1988 թվականից մինչ օրս բոլոր քաղաքական գործիչները պետք է դուրս գան այդ դաշտից և իրենց տեղը զիջեն նոր մարդկանց»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ Հայաստանում մինչ օրս չի ձևավորվել գործունյա մի կառավարություն, որից հասարակությունը գոհ լիներ:
Մեղավորները, ըստ փորձագետի, այն քաղաքական գործիչներն են, որոնք շուրջ 20 տարի շարունակում են դերակատար մնալ քաղաքական դաշտում:
Քննարկման մասնակից «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանը, անդրադառնալով ներկայիս կառավարությանը, նշեց. «Ես նման կրթություն չունեմ, որ ասեմ՝ ոնց կարելի է ավելի վատ կառավարել»:
«Դեկտեմբերին ընդունում են բյուջե, որը, բնական է, հետո չեն կատարում: Տպավորությունն այնպիսի է, որ կես տարի ճգնաժամ չկա, կառավարությունը ներկայացնում է, սաղ ադաբրյատ են անում, ու ստանում ենք բյուջե, որը 3-րդ անգամ վերանայվում է: Նույն 2009-2010թ. տարեկան կտրվածքով 5-6 անգամ փոխում էին սղաճի ցուցանիշը, օգոստոսին էլի ուզում են պլանավորել տարեկան ինֆլյացիան, էլի սխալվում են: Սա կառավարման բացակայության մասին է խոսում, ոչ թե վատ կառավարման»,- ասաց նա՝ հավելելով, որ չի կարելի գնահատել մի բան, որը բացակայում է:
Այնուամենայնիվ, ըստ Խուրշուդյանի, կառավարության աշխատանքը մեծապես կախված է ընդդիմության գործելաոճից. «Որքանով էլ վատ գնահատենք այն, կառավարության գործունեությունը պայմանավորված է ընդդիմության ազդեցությամբ»,- հավելեց Հ. Խուրշուդյանը: