.jpg)
Ավանում վերանորոգման աշխատանքներ են կատարվում
Դեկտեմբերի 16-ին «Ավան» վարչական շրջանի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքում ավարտվում էին նոր ջրագծի կառուցման աշխատանքները: Վերջին դիտահորում տեղադրվում էր մեկ մեծ` ընդհանուր կարգավորիչ փական և 3 փոքր` առանձին սպառողների համար նախատեսված: Այս մասին տեղեկացնում են «Երևան Ջուր» ՓԲԸ-ի հաղորդակցության բաժնից:
Ըստ ընկերության Տեխնիկական տնօրինության Շինարարական աշխատանքների համակարգման բաժնի աշխատակից Արմեն Մովսիսյանի` հին, տեխնիկապես խիստ մաշված ջրագծի փոխարեն կառուցվել է նորը` 460 երկարությամբ և 220 մմ տրամագծով, որի շնորհիվ տվյալ տարածքում այսուհետ կապահովվի հուսալի ջրամատակարարում: Ավելին, ընկերության կողմից վերջին տարիներին որդեգրած քաղաքականության համաձայն, այստեղ նույնպես վերանայվում է ջրամատակարարման կարգը:
Մասնավորապես, ջրատարին զուգընթաց ամենուր կառուցվել են դիտահորեր, որտեղ տվյալ ջրատարից օգնվող հիմնարկ-ձեռնարկությունները պարտավոր են վերատեղադրել իրենց ջրաչափերը և փականները: Դա թույլ է տալիս ինչպես կարգավորել ջրամատակարարումը, այնպես էլ բարելավվել սպառվող ջրի հաշվառումը:
«Երևան Ջուր» ՓԲԸ պատվերով շինարարությունն իրականացնող «Գավաթ» ՍՊԸ գլխավոր ճարտարագետ Վազգեն Մանուկյանը հավաստիացրեց, որ, չնայած ապամոնտաժված խողովակից ջրի շարունակվող արտահոսքին, աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի: Արվում է հնարավորինս արդեն այսօր երեկոյան ստորև նշված տարածքներում ջրամատակարարման վերականգնման համար. Ավան-Առինջ 1/19 հասցե, Աճառյան 1-ին և 2-րդ նրբանցքներ, Աճառյան փողոցի 16-ից 48, Բաբաջանյան փողոցի 38, 39 հասցեներ և հարակից տարածքներ: