22/12/2011 16:53
Ֆրանսիա. Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծն ընդունվեց
Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի Ազգային ժողովում 2 ժամից ավելի տևած քննարկումներից հետո ձայների մեծամասնությամբ ընդունվեց:
Ֆրանսիան կառավարող Նիկոլա Սարկոզիի ղեկավարած կուսակցության խումբը (UMP), որը մեծամասնություն է կազմում Ֆրանսիայի Սենատում, ինչպես նաև` Սոցիալիստական խմբի անդամները, Օրինագծին կողմ են քվեարկել: Կողմ արտահայտվեց նաև Նոր Կենտրոն խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Ժան-Քրիստիան Լագարդը և իր վերջնական ելույթում հայտարարեց, որ իրենք գոհ են` օրինագծում բոլոր ցեղասպանությունների մասով հավասարակշռությունը պահպանվում է:
Հիշեցնենք, որ օրինագիծը, որի հեղինակն է պատգամավոր Վալերի Բոյերը (Դաշինք հանուն ազգային շարժման), սահմանում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք` Հայոց ցեղասպանության փաստը ժխտողների նկատմամբ:
Ֆրանսիական խորհրդարանում ելույթ ունեցած բոլոր պատգամավորները մեղքի զգացում են արտահայտել Ֆրանսիայում ապրող հայերի նկատմամբ և նշել, որ ժամանակն է նրանց հանդեպ ստանձնած խոստումը կատարել: Շատ պատգամավորներ իրենց ելույթներում ընդգծել են, որ օրինագիծը Թուրքիայի դեմ ուղղված քայլ չէ:
Ընդունված օրենքը կուղարկվի Ֆրանսիայի Սենատի հաստատմանը, որը տեղի կունենա 2012-ի մարտին: Այնուհետև այն կվավերացվի Ֆրանսիայի նախագահի կողմից:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը, որը ուղիղ եթերում հեռարձակում է Սենատում օրինագծի քննարկումը, տեղեկացնում է, որ շուրջ 3000 մարդ, ովքեր դեմ են օրինագծին, բողոքի ակցիա են կազմակերպել: