.jpg)
Հ.Սահակյան.«Խնդիրը 100 %-անոց համամասնականը կամ մեծամասնականը չէ»
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանի կարծիքով՝ քաղաքական տեսանկյունից իրենց ընդդիմախոսների բերած փաստարկները՝ մեծամասնական ընտրակարգը վերացնելու ու 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ, ծանրակշիռ չեն: Իսկ հարցը իրավական տեսանկյունից դիտարկելը, պատգամավորի մոտեցմամբ, խոչնդոտներ է հարուցում, քանի որ Սահմանադրության մեջ և Ընտրական օրենսգրքում պետք է փոփոխություններ կատարվեն, ինչը ժամկետների առումով գրեթե անհնար է:
Այսօր հրավիրած ասուլիսում խոսելով 2012թ. գալիք ԱԺ ընտրությունների մասին և վերլուծելով ընդդիմության առաջարկած 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցման նպատակահարմարությունը՝ Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ կարևորը քաղաքական դաշտում համաձայնության գալն է, «եթե հիմա քաղաքական համաձայնություն գան, իրավականը կարելի է հետագայում անել»:
«Նրանք ասում են, որ այս կամ այն քաղաքական ուժերը մեծամասնական ընտրակարգով անցնող պատգամավորների միջոցով ապահովում են քաղաքական ուժերի որոշակի ձայներ հավաքելը, բայց այդ նույն մարդիկ, նույն ուժերը նաև կարող են, իմ համոզմամբ, գրվել համամասնական ցուցակում ու իրենց գործողություններով ապահովել քաղաքական ուժի որոշակի ձայները»,- որպես ընդդիմության «ամենաթույլ» առաջարկ՝ օրինակ բերեց Սահակյանը՝ հավելելով, որ նման մոտեցումը ոչ միայն իր, այլև իր կուսակցության դիրքորոշումն է:
Թեմայի համատեքստում անդրադառնալով միջազգային փորձին՝ նա նշեց, որ եվրոպական մի շարք զարգացած երկրներում՝ Ֆրանսիա, Հոլանդիա, Իսրայել և այլն, 100 տոկոսանոց մեծամասնական ընտրակարգ է: ՌԴ-ում վերջին ընտրությունները 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով անցկացնելը, ըստ պատգամավորի, ցույց տվեց, որ դժգոհությունները ոչ պակաս էին, քան նախորդ ընտրություններում:
«Այստեղ խնդիրը 100 տոկոսանոց համամասնականը կամ մեծամասնականը չէ, այլ ընտրական համակարգի կայացած լինելը: Մենք կարող են ասել, որ մեր տիպի երկրներում մեծամասնական ընտրակարգն ավելի շատ է ապահովում ներկայացուցչական խնդիրը, և պատգամավորները, որոնք մեծամասնականով են ընտրվել, նեղ շրջանակում տեղի բնակչության խնդիրներն են արտահայտում»,- պարզաբանեց Սահակյանը:
Ըստ պատգամավորի՝ չպետք է մոռանալ նաև, որ քաղաքական դաշտում հիմնական դերակատարում ունեցող քաղաքական կուսակցությունները և «մեր քաղաքական դաշտն այնպիսի զարգացած աստիճանի չի հասել, որ հեռավոր գյուղերում ազգաբնակչությունը կարողանա կուսակցության ծրագրերին տա գնահատական, և այդ ծրագրերի հիման վրա գնա ընտրության»: