12/01/2012 19:25
Վրաստանը կվերականգնի Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցին
Հունվարի 9-ի գիշերը Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցում հրդեհ է բռնկվել, որը մարելու ընթացքում փլուզվել է հուշարձանի հարավ-արևելյան սյունը: Տեղեկատվություն կար, որ այրվել է հուշարձանի տարածքում գտնվող աղբը, իսկ եկեղեցուն գրեթե վնաս չի հասել:
Երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության է առնվել Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու փլուզման խնդիրը: Հայտարարություն է ընդունվել, որտեղ մասնավորապես ասվում է, որ նկատի ունենալով Շամխորեցոց Կարմիր Ավետարան և Մուղնեցոց Սուրբ Գևորգ հայկական եկեղեցիների փլուզման նախադեպերը` Գերագույն հոգևոր խորհուրդն արտահայտում է իր խորը մտահոգությունը:
«Հակառակ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և Վիրահայոց թեմի կողմից հնչեցված ահազանգերի` վրացական կողմի անուշադրությունը և հապաղումը հրատապ խնդիրների լուծման մեջ, ցավոք, այսօր կանգնեցրել է մեզ տխուր այս իրավիճակի առջև:
Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է ուղղում Վրաստանի իշխանություններին` անհապաղ քայլեր ձեռնարկել փրկելու կործանումից Սբ. Նշան հայկական եկեղեցին, հետամուտ լինել Վրաստանի մշակութային ժառանգության մաս կազմող հայկական սրբավայրերի պահպանությանն ու խնամքին և ընդառաջ Վիրահայոց թեմի խնդրանքին` վիրահայությանը վերադարձնել պահանջված հայկական եկեղեցիները»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը Թբիլիսի է գործուղել մասնագիտական հանձնախումբ` դեպքի հանգամանքները տեղում ուսումնասիրելու և Վրաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ քննարկելու իրականացվելիք անհրաժեշտ միջոցառումները:
Aysor-ին մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը տեղեկացրեց, որ Վրաստան մեկնած աշխատանքային խումբը վաղը երեկոյան կվերադառնա և առավել հանգամանալից կներկայացնի իրավիճակը:
Նախնական տեղեկատվության համաձայն` աշխատանքային խումբը` Վրաստանի մշակույթի նախարարության գործընկերների և հուշարձանների պահպանության մասնագետների հետ, քննարկելու է վերականգնման նախագծերը: Վրաստանի մշակույթի նախարարությունը որոշում է կայացրել, որ եթե պահանջվի եկեղեցու հրատապ ամրակայում` կիրականանցնեն. «Վրաստանի մշակույթի նախարարությունը հանձն է առել վերականգնման աշխատանքներ իրականացնել»,- ասաց Դուրգարյանը:
Եկեղեցու վերականգնման նախագիծը, Գայանե Դուրգարյանի փոխանցմամբ, քննարկվելու է նաև հայ մասնագետների հետ: