.jpg)
«ԱրմենՏել»-ն ու «Հայաստանի մանուկներ»-ը կհամագործակցեն
«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենն այսօր ստորագրեցին փոխհամաձայնության հուշագիր` երկարատև համագործակցության մասին: Համաձայնագրի շրջանակներում «ԱրմենՏել» ընկերությունը կհովանավորի «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կրթական, բնապահպանական և սոցիալական մի շարք ծրագրեր:
Համաձայնագրի ստորագրումից հետո Իգոր Կլիմկոն հայտնեց, որ 2012 թ.-ի ընթացքում «ԱրմենՏել» ընկերությունը կաջակցի ուսուցիչների համակարգչային գրագիտության բարձրացման ուղղված ծրագրերին, որոնք կիրականացվեն Արմավիրի և Արագածոտնի մարզերի 6 գյուղում:
Հաջորդ ծրագիրն ունի բնապահպանական և սոցիալական ուղղվածություն: Այսպիսով, «Ազատենք շրջակա միջավայրը պոլիէթիլենային տոպրակներից» բնապահպանական ծրագրի շրջանակներում կարտադրվեն և կտարածվեն կտորե տոպրակներ, որոնց օգտագործումը կկրճատի շրջակա միջավայրին վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների կիրառումը:
«Արդեն երեք տարի է` ղեկավարում եմ ընկերությունը, և այս ժամանակահատվածում մեր ընկերությունը փորձում է աջակցել այն ծրագրերին, որոնք նպաստում են Հայաստանի մարզերում կրթական, բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը»,- ընդգծեց Ի. Կլիմկոն:
Գարո Արմենը վստահություն հայտնեց, որ «Արմենտել»-ի հետ համատեղ ծրագրերը հաջողությամբ կյանքի կկոչվեն, որոնք իրենց դրական ազդեցությունը կունենան ներկա և ապագա սերունդների վրա: