Ներկայացվեց ՀՀ-ԵՄ համագործակցության 2012-2013թթ.-ի ծրագիրը
31/01/2012 12:04

Ներկայացվեց ՀՀ-ԵՄ համագործակցության 2012-2013թթ.-ի ծրագիրը

Այսօր ԵՄ կառույցների հետ համագործակցության համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում 2012-2013թթ.-ի գործողությունների ծրագրի նախագիծը:

Ա. Բաղդասարյանը նշեց, որ ծրագրի մշակումը իրականացվել է ՀՀ բոլոր պետական մարմինների ակտիվ ներգրավմամբ, այն իր մեջ ներառում է շուրջ 160 գործողություն, 6 գերակա ուղղություններով:

Այդ գործողությունների ծրագրի իրականացումը, Բաղդասարյանի կարծիքով, լավ հնարավորություններ կստեղծի ՀՀ-ում ԵՄ-ի բարեհաջող ընթացող գործընկերությունը որակական նոր շրջափուլի հասցնելու համար:

Նա իր դրվատանքի խոսքն ուղղեց ԵՄ-ի խորհրդատվական խմբի բոլոր անդամներին, ովքեր իրենց գործնական առաջարկություններով նպաստել են այս փաստաթուղթի ստեղծմանը:

Միջոցառմանը ներկա ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Անտտի Հարտիկայնենը ներկայացրեց 2012-2013թթ.-ի գործողությունների ցանկի նախագծի գնահատականը:

Աշխատաժողովին ներկա էին ԵՄ կառույցների հետ համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի անդամներ, ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը և այլոք:
 

Ներկայացվեց ՀՀ-ԵՄ համագործակցության 2012-2013թթ.-ի ծրագիրը