Զեկույց. Լրագրողների նկատմամբ բռնությունները պակասել են
31/01/2012 17:35

Զեկույց. Լրագրողների նկատմամբ բռնությունները պակասել են

«2011թ. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պատրաստել և հրապարակել է երեք եռամսյակային միջանկյալ զեկույց, որոնցում ամփոփվել են տարվա համապատասխան ժամանակահատվածներում խոսքի ազատության վիճակը Հայաստանում և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների` ԽԱՊԿ-ի արձանագրած խախտումները»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացնելով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2011 թ. տարեկան զեկույցը, ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Զեկույցը վերաբերում է 2011թ-ին՝ ներառելով ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունները, դրանց առնչվող առաջարկություններն ու գործընթացները, ինչպես նաև՝ տնտեսական միջավայրի և քաղաքական գործոնների ազդեցությունները լրատվամիջոցների վրա:

Նշվեց, որ ԶԼՄ-ների գործունեությանը վերաբերող օրենսդրական դաշտում տեղի ունեցած գործընթացներում ուշադրության է արժանի հատկապես ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները, որոնց արդյունքում վերացվել է «հովանոցային» (թաքնված) գովազդի արգելքը, նաև՝ ավելացվել է եթերային ժամանակի 1 ժամվա ընթացքում թույլատրելի առևտրային գովազդի ծավալը՝ 4 րոպեյով: «Ըստ էության, այս փոփոխություններով օրինականացվեց գովազդի՝ օրենքով սահմանված ծավալի փաստացի գերազանցումը, ինչի մասին պարբերաբար բարձրաձայնում էին համապատասխան մոնիտորինգներ անցկացնող կազմակերպությունները։ Փաթեթն ընդունելու շտապողականությունը տարակուսանք առաջացրեց լրագրողական կազմակերպությունների շրջանում, քանի որ ՀՀ ՄԻՊ-ի ղեկավարությամբ` 2010 թ. սեպտեմբերին ստեղծված աշխատանքային խումբը դեռևս շարունակում էր «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների պատրաստման գործընթացը»,- նշեց բանախոսը:

Ընդգծվեց, որ 2011թ.-ին` 2010-ի համեմատությամբ, զգալիորեն ավելացել են ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքների խախտումները, զգալիորեն աճել է ԶԼՄ-ների և դրանց աշխատակիցների վրա ճնշումների քանակը. այս առումով առավել լարված են եղել առաջին և չորրորդ եռամսյակները: 2010-ի համեմատ` նվազել են ֆիզիկական բռնությունների դեպքերը և տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումները: 

Զեկույց. Լրագրողների նկատմամբ բռնությունները պակասել են