.jpg)
Թումանյանի տունը գնելու են Ղուկասյան եղբայրները
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` եղբայրը հետ, գնելու են Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տունը: Այնուհետև խոստացել են տունը նվիրաբերել տեղի հայկական համայնքին: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
«Լոռվա ձոր» հայրենակացական միության նախագահ Սերգո Երիցյանը իր հերթին նշեց, որ միությունը կմասնակցի շահագործմանը, և բնակարանը կվերածվի Թումանյանի անվան մշակութային կենտրոնի: Այդ մասին արդեն պայմանավորվածություններ ունեն վրացական կողմի հետ. Թբիլիսիի քաղաքապետարանը վերանորոգման աշխատանքները իր վրա վերցնելու պատրաստակամություն է հայտնել:
Լ. Անանյանն ասաց, որ Թբիլիսիի հայերի միությունը կբանակցի տան սեփականատիրոջ` Լեժավայի հետ, կորոշեն գինը, որն էլ կվճարեն բարերարները: Պաշտոնական տվյալների համաձայն` այդ տարածքում 1 քմ-ն արժե 800-1300 դոլար:
ՀԳՄ նախագահը նշեց, որ Թբիլիսիից վերադառնալուց հետո հանդիպել է վարչապետի հետ` քննարկելու խնդրի լուծման մի քանի տարբերակ, այդ թվում` համահայկական դրամահավաք հայտարարելու, հիմնադրամ բացել և այլն. «Բայց Ղուկասյանների ընտանիքը նման առաջարկով հանդես եկավ»: