Միշել Պլատինի. «Ֆուտբոլում նույնպես անհրաժեշտ է ձգել գոտիները»
31/01/2012 17:51

Միշել Պլատինի. «Ֆուտբոլում նույնպես անհրաժեշտ է ձգել գոտիները»

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հանդես է գալիս եվրոպական ակումբային ֆուտբոլում ֆինանսական առավելագույն չափի համակարգի ներդրման օգտին: Սակայն անգլիական ֆուտբոլային հասարակայնությունը կոշտ քննադատության է ենթարկել ֆրանսիացի պաշտոնյայի մտադրությունը:

Պլատինին երբեք չի թաքցրել իր բացասական վերաբերմունքն անգլիական Պրեմիեր լիգայի որոշ ակումբների անմտության նկատմամբ: Նա միշտ դեմ է եղել, որ ակումբները վաճառվեն հարուստ արտասահմանցիներին, և աշխարհի բոլոր կողմերից ֆուտբոլիստները հեղեղի պես հոսեն դեպի Անգլիայի առաջնություն: Անգլիացիները, իրենց հերթին, չեն սիրում Պլատինիին: ՈՒԵՖԱ-ի նախագահի կարծիքով` պատճառն այն է, որ ինքը ֆրանսիացի է:

«France Football»-ի վարկածով Ֆրանսիայի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստը չի կորցրել իր հմայքն ու հումորի նուրբ զգացումը: Պատասխանելով անգլիացիների քննադատությանը` Միշել Պլատինին նշել է, որ դրա համար լուրջ հիմքեր չկան, և անգլիացիների դժգոհությունը հանգում է միայն այն բանին, որ ինքը ֆրանսիացի է: «Դա Ֆրանսիա-Անգլիա լեգենդար համակարտության մաս է, ոչ ավելին»,- վստահորեն նշել է Պլատինին:

Եվրոպական ֆուտբոլային միությունում, ի դեպ, ակտիվորեն քննարկում են հրատապ այն խնդիրները, որոնց լուծմամբ պետք է զբաղվի Պլատինին: ՈՒԵՖԱ-ի նախագահն իրեն հատուկ անմիջականությամբ քննադատում է անգլիական Պրեմիեր լիգան, անգլիական ԶԼՄ-ները պատասխանում են, և այսպես շարունակ:

«Խնդիրները, որոնք հասունանում են եվրոպական ֆուտբոլում, միայն Անգլիային չեն վերաբերում,- ասել է Պլատինին:- Երբ ես բարձրացնում եմ այս կամ այն թեման, խոսում եմ ազգային բոլոր ասոցիացիաների ապագայի մասին: Ֆինանսական սահմանափակման քաղաքականությունը վաղ թե ուշ պետք է կիրառվի, որովհետև շատ ակումբներ չեն ապրում իրենց վաստակած միջոցներով: Նայեք «Չելսիին», որտեղ հսկայական գումարներ է ներդնում Ռոման Աբրամովիչը, կամ «Մանչեսթեր Սիթիին»: Ողջ Եվրոպան տնտեսական վատ ժամանակներ է ապրում: Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի կառավարություններն ստիպված են ձգել գոտիները, նույնը պետք է լինի ֆուտբոլում»:

Զայրացած անգլիացիները հետաքրքրվել են, թե Պլատինիին, այնուամենայնիվ, ինչն է դուր գալիս անգլիական ֆուտբոլում: Եվրոպայի եռակի լավագույն ֆուտբոլիստը ոչ առանց հեգնանքի պատասխանել է. «Առաջին հերթին դուք հրաշալի երկրպագուներ ունեք: Տրիբունաներում միշտ հրաշալի մթնոլորտ է: Նաև լավ է, երբ խաղադաշտում անգլիացի ֆուտբոլիստներ են հայտնվում: Նրանք այնքան էլ վատ չեն խաղում»:

ՈՒԵՖԱ-ի նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել ֆուտբոլի ազգային դիմագիծը` նշելով Գերմանիայի օրինակը, որտեղ ակումբների վերահսկիչ փաթեթները երբեք բաժին չեն հասնում արտասահմանցիներին: Նույնպիսի համակարգ է գործում նաև Իսպանիայում: Նման մի բան էլ, ըստ Պլատինիի, պետք է գործի Անգլիայում: Ֆրանսիացի պաշտոնյայի մտահղացման համաձայն` ֆինանսական սահմանափակման համակարգի ներդրումն անգլիական ֆուտբոլին հնարավորություն կտա ազատվել ինչպես կադրային, այնպես էլ ֆինանսական օտար ազդեցությունից:

Պլատինիի ու Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի միջև առկա հակասությունների հիմքում ընկած է նաև աշխարհի ֆուտբոլի 2022 թ. առաջնությունը, որը պետք է անցկացվի Կատարում: Բանն այն է, որ ամռանն այդ երկրում ուժեղ շոգ է լինում. հուլիսին ջերմաստիճանը հասնում է նույնիսկ +60 աստիճանի: Նման պայմաններում ֆուտբոլ խաղալը վտանգավոր է կյանքի համար, ուստի քննարկվում է մոլորակի գլխավոր ստուգատեսը ձմռանը կազմակերպելու հնարավորությունը: Իսկ դա լրջորեն կանդրադառնա եվրոպական ողջ խաղացանկի վրա:

«Աշխարհի առաջնությունը դեկտեմբերին անցկացնելու հարցում որևէ խնդիր չեմ տեսնում: Ի վերջո, այդ մրցաշարը չորս տարին մեկ անգամ է կազմակերպվում, և մեկ անգամ կարելի է բացառություն անել: Մենք առաջին հերթին պետք է մտածենք աշխարհի առաջնության կազմակերպման մասին, հետո միայն խոսենք Պրեմիեր լիգայի խաղացանկի հետ կապված խնդիրների վերաբերյալ»,-նկատել է Պլատինին:

2016 թ. Պլատինիի հայրենիքում կկայանա Եվրոպայի առաջնությունը, որին առաջին անգամ կմասնակցի 24 թիմ` 16-ի փոխարեն: Իսկ առայժմ պաշտոնյայի ողջ ուշադրությունը բևեռված է Ուկրաինայում ու Լեհաստանում 2012 թ. ամռանը կայանալիք առաջնության վրա: Այդուհանդերձ, Պլատինին չի այրվում խմբային փուլի Ֆրանսիա-Անգլիա հանդիպմանը տրիբունայից հետևելու ցանկությամբ:

«Չեմ ուզում անգլիացիներին առիթ տալ` ասելու, որ Դոնեցկ եմ եկել` մրցավարների հետ շփվելու համար»,- ասել է Պլատինին:

Միշել Պլատինի. «Ֆուտբոլում նույնպես անհրաժեշտ է ձգել գոտիները»