.jpg)
«Յուրաքանչյուրը հնարավորություն կունենա քննություն հանձնել»
«Այս տարի ՀՀ Նախագահի ցուցումով, իմ և ՀՀ կրթության և գիտության նախարարի համատեղ աշխատանքով համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ ենք ներկայացրել, որպեսզի այնպես անենք, որ դպրոցն ավարտած յուրաքանչյուր շրջանավարտ, ով ցանկանում է իր ուժերը փորձել և ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն, հնարավորություն ունենա քննություններ հանձնել։ Այդ պայմանները լինելու են»,- պատասխանելով Aysor - ի թղթակցի հարցին, թե 12-ամյա կրթության պարագայում հնարավորություն կունենա՞ն արդյոք 18 և 19 տարին լրացած շրջանավարտները բուհ դիմելու, ինչպես նաև՝ հնարավո՞ր է, որ զորակոչային տարիքը 19 տարեկանը սահմանվի, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Նախարարն ընդգծեց, որ իր կարծիքով, բոլոր տղաները պետք է ծառայեն բանակում, պետք է իրենց պարտքը տան հայրենիքի պաշտպանությանը։ «18 կամ 19 տարեկանները` դպրոցն ավարտելուց հետո, պետք է գնան և ծառայեն բանակում»,-ասաց նախարարը։
Մեր հաջորդ հարցին ի պատասխան, որը վերաբերում էր բուհերում ռազմական ամբիոնների ստեղծմանը, Ս. Օհանյանն ասաց. «Այդ ամբիոնների ստեղծման հետ կապված հարցը ինձ հաճախ են տալիս բուհերում, դրանց ստեղծումը կախված է այն հնարավորություններից և այն իրադրությունից, որ այսօր ստեղծված է։ Կարծում եմ, որ դրա մասին մենք պետք է մտածենք, բայց դա ապագայի խնդիր է»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը։