Վուդրո Վիլսոնին նվիրված միջոցառումներն ամփոփվեցին
31/01/2012 18:56

Վուդրո Վիլսոնին նվիրված միջոցառումներն ամփոփվեցին

ՀՀ սփյուռքի նախարարությունում այսօր տեղի է ունեցել Վուդրո Վիլսոնի հիշատակը հավերժացնող 2011թ. միջոցառումների ծրագրի ամփոփումը: Միջոցառմանը ներկա են եղել ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգող ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի hամահայկական ծրագրերի վարչության աշխատակիցները` վարչության պետ Ատոմ Մխիթարյանի գլխավորությամբ, ինչպես նաև ծրագրին ակտիվ մասնակցություն ցուցաբերած ուսանողներ, սփյուռքահայ ուսանողների խորհրդի անդամներ:

Ամփոփելով կատարված աշխատանքները` ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը նշել է, որ ծրագիրն իրականացվել է ՀՀ վարչապետի հանձնարարականով և նվիրված էր Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի 90-ամյակին: Նա ընդգծել է, որ ծրագրի շրջանակներում կատարվել է թեմային նվիրված հայ և օտար հեղինակների, պատմաբանների, իրավագետների, միջազգայնագետների ուսումնասիրությունների հավաքագրում, անցկացվել է գիտաժողով, դասախոսություններ, բաց դասեր հանրակրթական դպրոցներում և ստեղծվել է /http://wilsonarmenia.wordpress.com/ բլոգը:

ԵՊԼՀ շրջանավարտ Անի Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումների, ինչպես նաև` /http://wilsonarmenia.wordpress.com/ բլոգի բովանդակության վերաբերյալ:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ա.Մխիթարյանը ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումներին ակտիվություն ցուցաբերած ուսանողներին հանձնել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրեր և շնորհակալագրեր:

Ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ սփյուռքի նախարարությանը` նշելով, որ ծրագիրն օգնել է նոր գիտելիքներ ձեռք բերել և ծանոթանալ Վուդրո Վիլսոնի գործունեությանը:

Տեղեկացնում են ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունից։ 

Վուդրո Վիլսոնին նվիրված միջոցառումներն ամփոփվեցին