Նեդվեդ. «Չեխ երիտասարդներին պետք է հավատալ»
11/02/2012 11:58

Նեդվեդ. «Չեխ երիտասարդներին պետք է հավատալ»

Չեխիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Պավել Նեդվեդը խոսել է «Եվրո-2004»-ի մասին` միաժամանակ կիսվելով Եվրոպայի այլ առաջնություններին մասնակցության մասին խոհերով:

«Չեխիայում մեզ դիմավորեցին որպես ազգային հերոսների: Այդ հիշողությունները, իհարկե, իմ մեջ կմնան ողջ կյանքում»,- ասել է 39-ամյա Պավել Նեդվեդը` անդրադառնալով «Եվրո-1996»-ում իրենց ելույթներին:

Հարձակողական ոճի կիսապաշտպանը հավաքականում անցկացրել է 91 խաղ, «Սպարտայի», «Լացիոյի» ու «Յուվենթուսի» կազմերում նվաճել Չեխիայի ու Իտալիայի չեմպիոնի կոչումները: Նա Չեխիայի ընտրանու առանցքային խաղացողներից մեկն էր: Այդ թիմը «Եվրո-1996»-ի եզրափակչում լրացուցիչ ժամանակում զիջեց Գերմանիայի ընտրանուն, իսկ «Եվրո-2004»-ում հասավ մինչև կիսաեզրափակիչ: Իսկ Անգլիայում կայացած մրցաշարը կանխորոշեց ֆուտբոլիստի նրա ապագան:

«Այդ ժամանակ մենք քիչ հայտնի թիմ էինք: Շատ ծանր խմբում էինք հայտնվել և պետք է մրցակցեինք Իտալիայի, Գերմանիայի ու Ռուսաստանի հավաքականների հետ,- Նեդվեդը կրկին մտքերով «Եվրո-1996»-ում է:- Բայց մենք լավ ֆուտբոլ ցուցադրեցինք. երիտասարդ էինք, հաջողությունների քաղց ունեինք և այրվում էինք ցանկությամբ` ապացուցելու, որ Չեխիայում լավ ֆուտբոլիստներ կան: Պարտությունը եզրափակչում չմթագնեց մեր խաղից եղած տպավորությունը ողջ մրցաշարի ընթացքում: Երկրպագուների համար մենք հաղթողներ էինք»:

«Եվրո-2000»-ի նախօրեին չեխերը ոչ մի միավոր չկորցրեցին ընտրական մրցաշարում, սակայն Եվրոպայի առաջնությունում չկարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը: Չորս տարի անց թիմը հասավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, որի շրջանակներում զիջեց ապագա հաղթողին` Հունաստանի ընտրանուն:

«Կարծում եմ` Պորտուգալիայում ամենալավ ֆուտբոլը չեխերն էին ցուցադրում: Այդ մրցաշարում մենք պետք է հաղթեինք,- նշել է Նեդվեդը:- Ցավոք, կիսաեզրափակչում ես վնասվածք ստացա, և մենք չկարողացանք հաղթել հույներին` բաց թողնելով միայն մեկ գնդակ: Հավաքականում իմ կարիերայի ընթացքում այդ դրվագը միշտ ափսոսանքի զգացում է առաջացնում»:

Նեդվեդը հույս ունի, որ Եվրոպայի առաջիկա` 2012 թ. առաջնությունում չեխ ֆուտբոլիստների նոր սերունդն իրեն գերազանց կդրսևորի:

«Այժմ հավաքականում տաղանդավոր երիտասարդ նոր խաղացողներ են հայտնվել, ովքեր սպասում են իրենց ժամին` «կրակելու» համար: Հնարավոր է` այնպես, ինչպես ժամանակին մենք` Անգլիայում»: Պետք է հավատալ մեր երիտասարդներին»,- Նեդվեդի խոսքերը մեջբերել է soccer.ru-ն:

Նեդվեդ. «Չեխ երիտասարդներին պետք է հավատալ»