11/02/2012 12:27
Կանայք, զբաղվո՞ւմ եք մանր ու միջինով
«Հայաստանում կանանց մասնակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային կամ որևէ այլ ոլորտում դեռևս բավարար չէ: Մենք այս բոլոր ոլորտներում տանում ենք աշխատանք, փորձում ենք ներգրավել կին ձեռներեցներին, նրանց տրամադրել խորհրդատվություն, վեր հանել նրանց խնդիրները, ինչպես նաև` խթանել փոքր ու միջին բիզնեսով զբաղվող կանանց գործունեությունը»,-ասաց «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի» նախագահ Լիլիթ Ասատրյանը:
Այդ նպատակով կազմակերպությունը նախաձեռնել է «Կանանց ձեռներության զարգացումը Հայաստանում» ծրագիր:
Ծրագիրը խոստանում է խրախուսել հատկապես այն կանանց, «ովքեր մինչ այժմ շատ աշխատանք են կատարել իրենց համայնքի համար, կամ շրջապատի, նման օրինակներ արդեն ունենք, բայց դեռևս գնահատված և խրախուսված չեն»:
Ասոցիացիան նախաձեռնել է «Սննդի ոլորտի կին հերոս» մրցույթը, որին կարող են մասնակցել ֆերմերային և գյուղատնտեսության ոլորտում իրենց կատարած աշխատանքով աչքի ընկած կանայք` առանց տարիքային և այլ սահմանափակումների: Նրանց բիզնեսի պատմությունը և կենսագրությունը կտեղադրվեն նոր «Կանայք ձեռներեցության մեջ» կայքում։
Մասնակցության հայտերը ընդունվելու են մինչև փետրվարի 15-ը, իսկ մրցանակները կհանձնվեն մարտի 8-ին «Կոնգրես» հյուրանոցում: