Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի N1 ֆիլտր-կայան
27/02/2012 18:27

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի N1 ֆիլտր-կայան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի N1 ֆիլտր-կայան և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Բ. Սահակյանը կարևորել է ֆիլտր-կայանի նշանակությունը մայրաքաղաքի համար և աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Այնուհետև նախագահ Սահակյանն այցելել է նոր կազմավորվող երկրաբանական-հետախուզական կայանի տարածք, որը համապատասխան շինարարական աշխատանքներ իրականացնելուց հետո կհանդիսանա դաշտային անձնակազմի և տրանսպորտային միջոցների տեղակայման կենտրոնական գոտի:

Բակո Սահակյանը, ըստ աղբյուրի, ծանոթացել է կայանի նախագծին, ինչպես նաև լեռնային պայմաններում երկրաբանների կեցության համար անհրաժեշտ պայմաններով հագեցած մեքենայի հնարավորություններին: Երկրի ղեկավարը նշել է, որ լեռնահանքային արդյունաբերությունը մեր տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է, և նրա զարգացումը հանրապետության համար ունի առաջնային նշանակություն:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին ԼՂՀ նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:
 

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի N1 ֆիլտր-կայան