ԱԳ նախարարը մի շարք  հանդիպումներ է ունեցել  Հոնկոնգում
27/02/2012 19:57

ԱԳ նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Հոնկոնգում

Այսօր ասիական տարածաշրջանային այցելության շրջանակներում տարանցիկ այցով Հոնկոնգում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հոնկոնգի օրենսդիր խորհրդի նախագահ Հոն Յասպեր Ցանգ Յոկ-սինգի (Hon Jasper Tsang Yok-sing) հետ։ Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Հայաստանի և Հոնկոնգի միջև տնտեսական համագործակցությանն առնչվող hարցեր: ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ` հարաբերությունների զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորվել է մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը: Նախարար Նալբանդյանը օրենսդիր խորհրդի նախագահին տեղեկացրել է Հոնկոնգում ՀՀ պատվո հյուպատոսություն հիմնելու մտադրության մասին:

Էդվարդ Նալբանդյանը, ըստ աղբյուրի, հանդիպել է նաև Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի Անվտանգության քարտուղար Ամբրոզ Լի Սիու Քվոնգի հետ (Ambrose Lee Siu-kwong)։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Հոնկոնգի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հնարավորությունները:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել նաև նաև Հոնկոնգի մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ, որոնց ներկայացրել է Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները և ներդրումային հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2011թ. դեկտեմբեր և 2012թ. փետրվար ամիսներին Հոնկոնգի գործարարների` Հայաստան կատարած այցերի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև այդ ոլորտում ձեռնարկվելիք քայլերը:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը Հոնկոնգից ժամանել է Սինգապուր, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները երկրի բարձրագույն ղեկավարության հետ:
 

ԱԳ նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Հոնկոնգում