.jpg)
Շքանշանների հանձնում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն: Հայրենասեր ու ազգանվեր, ինչպես նաև գիտական, գրական ու հրապարակախոսական գործունեության համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան են ստացել պատմաբան Էմմա Կոստանդյանը և նյարդաբան ակադեմիկոս Սուրեն Զոհրաբյանը:
Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել Տ. Սիփան աբեղա Գևորգյանը: Այնուհետև մեծարյալների կյանքն ու գործունեությանն անդրադարձել են ՀՀ Գիտության Ազգային Ակադեմիայի թղթակից անդամ դոկտոր-պրոֆեսոր Ալբերտ Խառատյանը և Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն պրոֆեսոր Յուրի Թունյանը:
Այնուհետև «Էջմիածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվել են Հայրապետական սրբատառ կոնդակները, որոնք ընթերցել են Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը և Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Կոնդակների ընթերցումից հետո Վեհափառ Հայրապետը մեծանուն գործիչներին հանձնել է Հայ Եկեղեցու «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» շքանշանները:
Ապա գիտության նվիրյալներն իրենց սրտի խոսքն են ասել պարգևաբաշության առիթով: Նրանք խորին շնորհակալություն են հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ցուցաբերած ուշադրության ու գնահատանքի համար` ընդգծելով, որ իրենց ողջ կյանքի ընթացքում մշտապես կապված են եղել Հայ Եկեղեցուն:
Պարգևաբաշխության ավարտին, ըստ աղբյուրի, մեծարյալներին ու ներկաներին իր օրհնությունն է բերել Նորին Սրբությունը: Շնորհավորելով տիար Զոհրաբյանին ու տիկին Կոստանդյանին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ իր հոգու պարտքն է պարգևատրել նման անձանց, ովքեր բազմաթիվ օգտակար ծառայություններ են մատուցել Հայրենիքին, իրենց գիտելիքներն ու ձեռքբերումներն ի սպաս են դրել հայ ժողովրդին, ինչպես նաև, հակառակ ժամանակաշրջանի դժվարություններին, երկար տարիներ շարունակ Հայ Եկեղեցու և Մայր Աթոռի կողքին են գտնվել: Նորին Սրբությունը մաղթել է, որ Տերը վաստակաշատ գործիչներին պարգևի քաջառողջ կյանքի երկար տարիներ և նորանոր հաջողություններ նրանց ազգօգուտ գործունեության մեջ: